Արտարգանդային հղիությունը բավական հազվադեպ հանդիպող պաթոլոգիական վիճակ է, որի պարագայում պտուղն արգանդից դուրս է հասունանում, սովորաբար՝ որովայնի խոռոչում: Արտարգանդային հղությամբ կնոջը սովորաբար աբորտի են ուղարկում, քանի որ այդպիսի հղիությունը կնոջ առողջությանը լուրջ վտանգ է սպառնում: Գիտությանը միայն մի քանի դեպք է հայտնի, երբ արտարգանդային հղիությունը առողջ երեխայի ծնունդով հաջող ավարտ է ունեցել: Վերջերս այդպիսի դեպք է գրանցվել Ռուսաստանում՝ Նիժգորոդի մարզում:

37-ամյա Օքսանա Կուժեւատովան առաջնեկով էր հղի եւ գրանցված էր տեղի կանացի կոնսուլտացիայում: Բոլոր հետազոտությունները ցույց են տվել, որ ո՛չ տղան, ո՛չ ապագա մայրիկը ոչ մի խնդիր չունեն: Սակայն նոյեմբերի սկզբին, հղիության 37-րդ շաբաթում Օքսանայի փորն սկսել է ուժգին ցավել. նա շտապ օգնություն է կանչել, եւ նրան Ձերժինսկի Շտապ բժշկական օգնության հիվանդանոց են տեղափոխել, որտեղ պառկեցրել են վիրաբուժական բաժանմունքում:

Բժիշկների ենթադրությամբ՝ հիվանդի փորի սուր ցավը կարող էր կույր աղիքի ախտանշան լինել, եւ կոնսիլիումի արդյունքում որոշվել է նրան վիրահատել: Սակայն բորբոքված կույր աղիքի փոխարեն, Օքսանայի որովայնում... երեխա են հայտնաբերել: Վիրահատությանը հապշտապ միացել է Ձերժինսկի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ելենա Ալեքսանդրովան:

Տղան լույս աշխարհ է եկել նոյեմբերի 2-ին՝ առավոտյան ժամը 3.30-ին, նա կշռում էր 2750 գրամ, հասակը 51 սանտիմետր էր: Նորածնին տեղափոխել են քաղաքային պերինատալ կենտրոն: Արսենի անվանակոչված փոքրիկը մի քանի ժամ անցկացրել է շնչառության արհեստական սարքին միացված, որից հետո սկսել է ինքնուրույն շնչել: Այժմ եւ՛ կինը, եւ՛ երեխան տանն են, իրենց լավ են զգում, եւ նրանց առողջությանը ոչինչ չի սպառնում:

Թե Օքսանային ինչպե՞ս է հաջողվել պտուղն արգանդից դուրս կրել, առայժմ հայտնի չէ: Ելենա Ալեքսանդրովան հայտնել է, որ ձվաբջիջը ամրացել է աջ կցաճուկների շրջանում, որտեղ հավանաբար հայտնվել է ֆալոպյան փողի վնասման հետեւանքով:

Օքսանայի մոտ սուր ցավն առաջացել է երկխուց ձվաբջիջի խցերից մեկի պայթելու հետեւանքով, իսկ դրանում պարունակվող պտղապատյանի հեղուկը հայտնվել է որովայնի խոռոչում: Մասնագետի խոսքով՝ ուլտրաձայնային հետազոտությամբ չեն նկատել, որ պտուղն արգանդից դուրս է հասունանում, քանի որ այն լայնակի դիրքում է եղել, դրանից բացի՝ նրա տեղադրության մանրամասները տեսնելուն խանգարել է ընկերքը: