ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլզին եւ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավար Դեբորա Գրիզերին։
«Հայաստանի եւ Միացյալ Նահանգների կառավարությունները 25 տարի եղել են գործընկերներ՝ հետամուտ լինելով Հայաստանի ժողովրդի առողջությունն ու բարօրությունը բարելավելու ընդհանուր նպատակին: Մենք պատրաստ ենք աջակցելու նախարարությանն առաջիկա բարեփոխումների իրականացման գործում: Հավատացած եմ, որ այդ բարեփոխումների արդյունքում կձեւավորվի կայուն ու հաջողված համակարգ, որը կկարողանա ապավինել իր սեփական ուժերին»,-ասել է դեսպանը` շեշտելով, որ բուժծառայությունների հասանելիությունը խնդիր է, որին Միացյալ Նահանգները նույնպես բախվում է:
Բարձր գնահատելով ԱՄՆ-ի հետ համագործակցության մեծ փորձը` Լեւոն Ալթունյանը շեշտել է, որ նախարարությունը հետեւողական կլինի առաջնային օղակում բարեփոխումների շարունակականությունն ապահովելու, սոցիալապես անապահով խմբերին պատշաճ բժշկական օգնություն տրամադրելու գործում։ Նա միաժամանակ հյուրերի հետ քննարկել է առանձին ուղղություններով համագործակցության, մասնավորապես` առողջապահության կառավարման եւ մասնագիտական բժշկական ասոցիացիաների փորձը ներդնելու, եւ այլ հարցեր։
Քննարկվել է նաեւ ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված քայլերը։ «Առողջապահության ոլորտում կոռուպցիայի վերացումը պետք է լինի պատճառների վերացման միջոցով։ Այդ ուղղությամբ նախարարությունը համապատասխան առաջարկ է պատրաստվում ներկայացնել կառավարություն»,-ասել է Լեւոն Ալթունյանը։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են համատեղ մի շարք ծրագրերի, որոնց ֆինանսավորման 1-2 տարի հետո նախատեսվող ավարտը պայմանավորված է Հայաստանում առողջապահական ցուցանիշների բարելավմամբ։
Երկուստեք կարեւորվել է համագործակցության խորացումն ու ընդլայնումը։






