Տուբերկուլյոզի տարածման պատճառ կարող են լինել զինված հակամարտությունները, պարզել է Նորվեգիայի Հասարակական առողջապահության ինստիտուտի աշխատակից Վեգարդ Էլդհոլմի ղեկավարած գիտնականների միջազգային խումբը: Proceedings of the National Academy of Sciences ամսագրում հրապարակված հոդվածում գիտնականները ենթադրում են, որ Եվրոպայում ախտածին բակտերիաները կարող էին հայտնվել Աֆղանստանի պատերազմում (1979-1989) խորհրդային զինվորների մասնակցության պատճառով:
Հետազոտողները վերակառուցել են Կոխի ցուպիկի (Mycobacterium tuberculosis) էվոլյուցիան, որը հայտնի է զանազան հակաբիոտիկների հանդեպ ավելի ու ավելի կայուն դառնալով: Միկրոկենսաբանները համեմատել են Եվրոպային, Կենտրոնական եւ Հարավային Ասիային հատուկ բակտերիայի տարբեր շտամների ԴՆԹ-ները:
Պարզվել է, որ նախկին ԽՍՀՄ երկրների բնակիչներից վերցված միկրոօրգանիզմներում փոխակերպումներ են եղել, որոնք նպաստել են դեղերի հանդեպ կայունությանը: Աշխատության հեղինակների կարծիքով՝ դա բացատրվում է այն հանգամանքով, որ Խորհրդային Միության փլուզումից հետո հասարակական առողջապահության համակարգը կործանվել է:
Դրանից զատ, հաստատվել է, որ Եվրոպայում հայտնաբերված որոշ շտամներ ստեղծվել են Աֆղանստանի տարածքում խորհրդային զինված ուժերի մասնակցությամբ ռազմական գործողությունների ժամանակ: Հետազոտողները կարծում են, որ Կոխի ցուպիկը բերվել է ԽՍՀՄ տարածքից, իսկ հետագայում փախստականներն այն տարել են եվրոպական երկրներ:
Գիտնականների կարծիքով՝ իրենց ստացած արդյունքները ցույց են տալիս, թե քաղաքական անկայունությունը եւ զինված հակամարտությունները ինչպես են նպաստում դեղամիջոցների հանդեպ բակտերիաների կայունությանը եւ ինֆեկցիաների տարածմանը:






