Իսպանացի մոլեկուլյար կենսաբանները ստեղծել են նոր հակառետրովիրուսային դեղամիջոց, որը ոչ միայն գրեթե ամբողջովին արգելափակում է օրգանիզմում ՄԻԱՎ-ի բազմացումը, այլեւ գրեթե լիովին բացառում է սեռական ճանապարհով վարակի փոխանցումը։ Այս մասին ասված է Journal of Infectious Diseases-ում հրապարակված հոդվածում։

«Հակառետրովիրուսային դեղեր խմելիս ՄԻԱՎ վարակակիր տղամարդկանց շուրջ 5-25 տոկոսը սեռական գեղձերում ազատվում է վիրուսից։ Այդ պատճառով մենք միշտ խորհուրդ ենք տալիս նրանց պահպանակ օգտագործել, եթե նրանց սեռական զուգընկերները վիրուսակիր չեն։ Նոր դեղամիջոցը՝ դոլուտեգրավիրը, կարող է նրանց ազատել դրա անհրաժեշտությունից»,- ասում է Բարսելոնայի համալսարանի մասնագետ Դենիել Պոդզամչերը։

Նրա խոսքով՝ անգամ հակառետրովիրուսային դեղեր ընդունելիս ՄԻԱՎ-ը երկար ժամանակ փոքր քանակությամբ է մնում այն օրգաններում, որտեղ իմունային բջիջները գրեթե երբեք չեն թափանցում, այդ թվում՝ սեռական գեղձերում։ Դրա պատճառով շատ վարակակիրներ շարունակում են սպառնալիք ներկայացնել իրենց սեռական զուգընկերների համար անգամ բուժման երկարատեւ կուրսից հետո։

Վերջին տարիներին գիտնականները բազմաթիվ դեղեր են ստեղծել, որոնք կարող են ներթափանցել այդ օրգանները եւ աստիճանաբար ոչնչացնել ՄԻԱՎ-ը, սակայն նրանք դա շատ դանդաղ են անում, ինչը խնդիրներ է ստեղծում հիվանդների եւ բժիշկների համար։

Պոդզամչերի թիմի իրականացրած փորձերը ցույց են տվել, որ այդ խնդիրները կարելի է լուծել հակառետրովիրուսային դեղերի նոր դասի միջոցով, որոնք ճնշում են ինչպես այսպես կոչված ինտեգրազը՝ հատուկ սպիտակուցը, որը վիրուսին օգնում է մտցնել ԴՆԹ-ն վարակված բջիջներում։

Պարզվել է, որ նման դեղերից մեկը՝ դոլուտեգրավիրը, կարող է ներթափանցել տղամարդու ամորձիների մեջ եւ շատ արագ ոչնչացնել վիրուսը՝ դեղն ընդունելուց մեկ ամսվա ընթացքում նվազեցնելով սերմնահեղուկի մեջ ՄԻԱՎ խտությունը՝ հասցնելով գրեթե զրոյականի։ Գիտնականների խոսքով՝ 15 հիվանդներից միայն մեկը բուժման կուրսից 6 ամիս անց չի կարողացել նման արդյունքի հասնել, սակայն եւս կես տարի անց իրավիճակը բարելավվել է, եւ նրա սերմնահեղուկը գրեթե ամբողջովին մաքրվել է ՄԻԱՎ-ից։