«Դեղերի մասին» նոր օրենքի համաձայն, որն ուժի մեջ կմտնի ընթացիկ տարվա դեկտեմբերի 15-ին, հակաբիոտիկները միայն բժշկի դեղատոմսով բաց կթողնեն: Որոշ քաղաքացիներ դժգոհ են, սակայն փորձագետները պնդում են, որ դեղատոմսով հակաբիոտիկների վաճառքը դրանց սխալ օգտագործման եւ հակաբիոտիկային կայունության դեմ պայքարի համար անհրաժեշտ միջոցառում է:
Ինչո՞ւ արժե հակաբիոտիկները միայն բժշկի դեղատոմսով բաց թողնել: Նոր օրենքն արդյո՞ք հօգուտ Հայաստանի բնակչության կլինի: Այս հարցերի շուրջ զրուցեցինք Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի ոչ ինֆեկցիոն հիվանդությունների եւ ներհիվանդանոցային ինֆեկցիաների բաժնի պետ Ռոմելա Աբովյանի եւ Առողջապահության նախարարության աշխատակազմի հասարակական առողջապահության բաժնի պետ Քրիստինա Գյուրջյանի հետ:
Մասնագետների խոսքով՝ այսօր մեր հայրենակիցներից շատերը ինքնուրույն կամ հարեւանների, հարազատների կամ դեղատների աշխատակիցների խորհրդով են հակաբիոտիկներ գնում եւ ընդունում: Առավել հաճախ նրանք դա անում են առանց որեւէ լուրջ անհրաժեշտության եւ ցուցումների: Մարդկանցից շատերը չիմանալով, որ հակաբիոտիկները բակտերիալ ինֆեկցիաների դեմ նախատեսված դեղամիջոցներ են, դրանք ընդունում են վիրուսային հիվանդությունների դեպքում, ինչպիսին, օրինակ, գրիպն է: Վիրուսների դեմ հակաբիոտիկները, բնականաբար, անզոր են, բայց խնդիրը միայն այն չէ, որ հակաբիոտիկների սխալ կիրառումը պատշաճ բուժական արդյունք չունի, այլ նաեւ այն, որ դա նպաստում է բակտերիաների կայուն շտամների առաջացման, որոնց հանդեպ այդ հակաբիոտիկներն արդեն անզոր են դառնում:
Հակաբիոտիկային կայունությամբ բակտերիաների հարուցած ինֆեկցիաները չափազանց դժվար է բուժել, իսկ երբեմն՝ ուղղակի անհնար, ուստի շատ մասնագետներ նշում են, որ եթե հակաբիոտիկային կայունությունը շարունակի ներկայիս տեմպերով տարածվել, մոտ ապագայում մենք կրկին կհայտնվենք առանց հակաբիոտիկների աշխարհում՝ ամենասովորական ինֆեկցիաները դարձյալ կսկսեն հարյուր հազարավոր մարդկանց կյանքեր խլել:
Այսպիսով՝ սխալ եւ առանց անհրաժեշտության հակաբիոտիկներ ընդունելով մարդը ոչ միայն սեփական առողջությանն է վնաս պատճառում, այլեւ իր ներդրումն է ունենում հակաբիոտիկային կայունության տարածման գործում, ինչը գլոբալ խնդիր է դառնում ամբողջ աշխարհում: Սակայն անհնար է առանց բժշկի հետ խորհրդակցելու հակաբիոտիկները «ճիշտ» ընդունել, քանի որ առանց անհրաժեշտ անալիզներ կատարելու հիվանդը չի կարող իմանալ՝ արդյո՞ք իր մոտ բակտերիալ ինֆեկցիա է, իսկ եթե այո՝ հատկապես որ հակաբիոտիկների հանդեպ է այդ բակտերիան զգայուն:
Հակաբիոտիկային կայունության զարգացմանն ու տարածմանը նպաստում է նաեւ հակաբիոտիկներով բուժման ընդհատումը. մարդկանցից շատերը զգալով, որ հիվանդությունը նահանջում է, դադարում են ընդունել բժշկի նշանակած հակաբիոտիկները՝ մտածելով, որ որքան քիչ քանակով դեղ խմեն, այնքան իրենց առողջության համար լավ կլինի: Մինչդեռ իրականում բուժման ոչ լրիվ կուրսի դեպքում հակաբիոտիկները չեն հասցնում ոչնչացնել բոլոր հիվանդածին բակտերիաները, իսկ մնացածներն ավելի հաճախ կայուն են դառնում:
Մասնագետների կարծիքով՝ եթե հակաբիոտիկները միայն բժշկի դեղատոմսով վաճառվեն, իսկ բժիշկը բացատրի, թե ինչու է հիվանդի համար կարեւոր նշանակված ամբողջ կուրսը խմել եւ հստակ հետեւել բոլոր հրահանգներին, դա կօգնի զգալիորեն նվազեցնել հակաբիոտիկների սխալ օգտագործումը եւ կդանդաղեցնի հակաբիոտիկային կայունության տարածումը:






