Ռուսաստանը մտել է գրիպի համաճարակային շրջան: Եկատերինբուրգում տեղի ունեցած ՄԻԱՎ ինֆեկցիաների թեմայով խորհրդակցության ընթացքում այս մասին լրագրողներին հայտնել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

«Մտել ենք գրիպի համաճարակի շրջան»,- ասել է Պոպովան:

Նրա խոսքով՝ «ամեն շաբաթ մեծանում է գրիպի վիրուսի հայտնաբերման թիվը, տառացիորեն եւս երկու-երեք շաբաթ, եւ մենք կունենանք հիվանդացության միանգամայն այլ պատկեր»:

Աննա Պոպովան նաեւ հայտնել է գրիպի նոր շտամների ի հայտ գալուն նախապատրաստվելու մասին:

«Առկա են գրիպի վիրուսի նոր բարձրախտածին շտամների երեւան գալու վտանգներ, որոնց անհրաժեշտ ենք համարում առավելագույնս պատրաստվել, որպեսզի թույլ չտանք դրանց լայն տարածումը եւ ոչ մի երկրի բնակչության առողջությանը վնաս հասցնելը»,- ասել է Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկը:

Նրա խոսքով՝ դա կապված է այն հանգամանքի հետ, որ վիրուսը հաղթահարել է միջտեսակային պատնեշը:

«Այս խնդիրը կապված է միջտեսակային պատնեշի հաղթահարման հետ, այն, ինչը նախկինում երբեք չենք տեսել, այսօր տեսնում ենք: Այս կամ այն կենսաբանական տեսակին հատուկ հիվանդությունը սկսում է ախտահարել կենսաբանական ուրիշ տեսակին՝ ձեռք բերելով շատ լուրջ, բարձրախտածին հատկություններ»,- ասել է Ա. Պոպովան:

Ավելի ուշ «Ռոսպոտրեբնադզոր»-ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ «շնչառական վիրուսների շրջանառության լաբորատոր մոնիթորինգի արդյունքներով՝ սուր շնչառական վիրուսային ինֆեկցիաներով հիվանդացածությունը կապված է ոչ գրիպային էթիոլոգիայով վիրուսների հետ»: Սակայն գերատեսչությունում նաեւ հայտնել են, որ հաշվետու շաբաթվա ընթացքում գրիպի վիրուսների բաժինը մեծացել է 3,3 տոկոսից մինչեւ 6,06 տոկոսով:

Նոյեմբերի 22-ին «Ռոսսելխոզնադզոր»-ը նախազգուշացրել է Ռուսաստան թռչնի գրիպի վիրուս մտնելու եւ երկրի տարածքում դրա տարածման պոտենցիալ վտանգի մասին: Գերատեսչության տվյալներով՝ աշխարհում նկատվում է թռչնի գրիպի շտամի համաճարակային փոփոխության միտում: Այսպես՝ եթե մինչեւ 2014 թվականը գերակշռում էր Н5N1 ենթատեսակի վիրուսը, ապա այժմ լայն տարածում է ստացել  Н5N8 հակագենային բանաձեւով վիրուսը: