Հղիության ընթացքում Զիկա վիրուսով վարակվելը կարող է պտղի մոտ միկրոցեֆալիա՝ զարգացման բնածին արատ առաջացնել: Բայց պարզվում է, որ այս վիրուսով վարակվելու հետեւանքներն ավելի լուրջ են, քան նախկինում էր համարվում. Զիկայով վարակված հղի կանանց երեխաների մոտ միկրոցեֆալիա կարող է առաջանալ նույնիսկ ծնվելուց հետո:

Գիտնականները հետեւել են Զիկայով վարակված մայրերի նորածին 13 փոքրիկների, որոնք ծնվելիս ոչ մի խնդիր չեն ունեցել: Ծնվելուց հետո առաջին 11 ամիսներին նրանց մոտ միկրոցեֆալիա է զարգացել. գլխուղեղի սքանավորման ընթացքում հաջողվել է նկատել, որ ուղեղի ծավալն աստիճանաբար նվազում է, բորբոքում եւ զարգացման խախտումներ են առաջանում: Բժիշկները փոքրիկների մոտ բնածին Զիկայի սինդրոմ են ախտորոշել:

Այս երեխաների մոտ նաեւ այլ խնդիրներ են նկատվել. 13-ից 10-ը կուլ տալու խնդիր է ունեցել, 7-ն էպիլեպսիա է ունեցել, բոլոր երեխաները հիպերտոնիա են ունեցել, բարձր մկանային տոնուս:

Ստացված տվյալները միայն հաստատում են կարծիքն այն մասին, որ Զիկա վիրուսն ու դրանով վարակվելու հետեւանքներն ամբողջությամբ ուսումնասիրված չեն, եւ անհրաժեշտ է շարունակել այս ոլորտում հետազոտությունները:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետների hաշվարկներով՝ Բրազիլիայում միկրոցեֆալիայով երեխաների ծնվելու շուրջ 2100 դեպք է գրանցվել: Սա միայն պաշտոնական վիճակագրությունն է, իսկ իրականում նման դեպքերն ավելին են:

Նշենք, որ օրերս ԱՀԿ-ն հայտարարել էր, որ Զիկա վիրուսն այլեւս գլոբալ սպառնալիք չի համարվում: Արտակարգ ռեժիմը գործում էր փետրվարի 1-ից: