Ռեստորանում մեծահասակներն ավելի շատ ուշադրություն են դարձնում իրենց սմարթֆոններին, քան իրենց երեխաներին, ցույց է տալիս նոր հետազոտությունը:

Մեծահասակները, որպես կանոն, շատ կտրուկ են արձագանքում, նույնիսկ կարող են պատժել իրենց էկրանային ժամանցը խախտած երեխային, հայտնում է Health Cleveland Clinic-ը:

Բոսթոնի համալսարանի հետազոտողներն արագ սննդի ռեստորաններում հետեւել են 55 մեծահասակի: Նրանցից յուրաքանչյուրը եղել է մեկ կամ  մի քանի երեխայի հետ:

Նրանցից 40-ն ուտելիս սմարթֆոն են օգտագործել, 16-ը՝ այլ սարքեր եւ դրանք միայն կարճ ժամանակով են ցած դրել:

Շատ երեխաներ անցել են թույլատրելիի սահմանն ու իրենց վատ պահել այն ընթացքում, երբ նրանց ծնողները կենտրոնացած են եղել սմարթֆոնների վրա:

Երբ ծնողները մի քանի անգամ անտեսել են երեխաների վատ վարքը, հետո շատ կոպիտ ու կտրուկ են արձագանքել:

Բջջային սարքերը ծնողներին խանգարում են դեմդիմաց շփվել իրենց երեխաների հետ, ասում է հավաստագրված բժիշկ-մանկաբույժ Էլեյն Շուլտեն Քլիվլենդի մանկական հիվանդանոցից: Այդ դեմառդեմ հարաբերությունները շատ կարեւոր են երեխաների ճանաչողական, լեզվական ու զգացմունքային զարգացման համար:

Շարժական սարքերը տեսանյութերին ու տեսախաղերին արագ հասանելիության շնորհիվ՝ փոխարինում են ծնողների ու երեխաների շփմանը, ասված է հետազոտության մեջ: Որոշ ծնողներ նույնիսկ շարժական սարքերն օգտագործում են երեխաներին զվարճացնելու համար:

Բժիշկ Շուլտեն ասում է, որ ճաշի ժամը նրա համար է, որպեսզի ծնողներն ու երեխաները հանգստանան ու շփվեն: