Իտալական GVM հոլդինգի փոխնախագահ Բրունո Բիաջիի եւ կազմակերպության բիզնեսի միջազգային զարգացման գծով ներկայացուցիչ Լուկա Վեջետիի հետ հանդիպման ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը քննարկել է համագործակցության հնարավորությունները առողջապահության ոլորտում։

Տարբեր ուղղություններով բիզնես ծրագրեր իրականացնող հզոր կազմակերպությունն առողջապահության ոլորտում ճանաչված է հիմնականում Իտալիայում եւ այլ երկրներում` Ֆրանսիայում, Լեհաստանում, Ալբանիայում, Ռուսաստանում գործող մոտ 40 կլինիկաներում բարձր մակարդակի մասնագիտացված ծառայություններ ապահովելով։ Հիվանդանոցներ կառուցող եւ նորարարական մոդելով կառավարող Հոլդինգն առավել մասնագիտացված է սրտանոթային ախտաբանության, օրթոպեդիայի եւ նյարդավիրաբուժության, ինչպես նաեւ մասնագետների պատրաստման ու վերապատրաստման ոլորտներում։

Լեւոն Ալթունյանն իր հյուրերին համառոտ ներկայացրել է Հայաստանի առողջապահական համակարգում իրականացվող ծրագրերն ու խնդիրները` շեշտադրելով այն ուղղությունները, որոնց շրջանակում հնարավոր կլինի համագործակցել հոլդինգի հետ։ Նախարարը մասնավորապես կարեւորել է համագործակցությունը ինչպես սրտաբանության, ուռուցքաբանության եւ այլ ոլորտներում, այնպես էլ`  միջազգային մենեջմենթի միջոցով արդիականացված սահմանամերձ հիվանդանոցներում եւ ՀՀ ԱՆ «Պրոֆ.Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում» այլ երկրներից հիվանդներ ներգրավելու գործում։ 

Քննարկվել են իտալական հոլդինգի հետ առանձին որորտներում համագործակցության տարբեր ձեւաչափեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա հանդիպման ժամանակ առավել հստակեցնել համագործակցության եզրերը` հաշվի առնելով Հայաստանի կարիքները եւ  GVM հոլդինգի ուղղվածություններն ու հնարավորությունները։