Երբ ծնվել են 34-ամյա Տաթեւ Մկրտչյանի երկվորյակ դուստրերը, շատերն ասել են, որ հազիվ թե կարողանա նրանց կրծքով կերակրել. նույնիսկ մեկ երեխային կերակրելն է դժվար, երկուսին՝ առավել եւս: Ամեն դեպքում, Տաթեւը հստակ որոշել է, որ իր երեխաները հնարավոր բոլոր սնունդներից լավագույնը պետք է ստանան: Առաջին 6 ամիսներին նա փոքրիկներին բացառապես կրծքով է կերակրել, իսկ հետո, մասնագետների խորհրդով, այլ սնունդ է ավելացրել նրանց սննդակարգին:
Տաթեւը ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Հայաստանի առողջապահության նախարարության եւ «Ընտանիքի ակադեմիա» հասարակական կազմակերպության իրականացրած ծրագրի շրջանակում կազմակերպված «Կրծքով կերակրման հաղթարշավ» լուսանկարչական մրցույթի հաղթողներից է: Տաթեւի եւ նրա դուստրերի նկարով պաստառն առաջիկայում կհայտնվի Երեւանի կենտրոնական փողոցներում՝ կոչ անելով չմոռանալ, որ կրծքի կաթը լավագույն սնունդն է երեխայի համար:
NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Տաթեւը պատմեց, որ կրծքով երկվորյակների կերակրելը, իհարկե, դյուրին չէ. հաճախ աղջիկները միաժամանակ են ուտել ուզում, եւ հարկավոր է վարժվել՝ երկուսին էլ կերակրելու համար: Գիշերը նրանց կերակրելը նույնպես դյուրին չէ, ամեն դեպքում, Տաթեւը վստահ է, որ դրանք ժամանակավոր դժվարություններ են. ոչինչ չի կարող համեմատվել այն օգուտի հետ, որ մայրական կաթը տալիս է երեխաներին:
«Առաջին հայացքից այդ ամենը բարդ է, բայց չէ՞ որ խառնուրդը պատրաստելն ու երեխաներին շշով կերակրելը նույնպես հեշտ չէ: Բացի այդ, կրծքի կաթը երեխայի համար ոչ միայն սնունդ է, այլեւ մոր հետ կապ: Կարծում եմ՝ եթե ոչ մի լուրջ հակացուցում չկա, յուրաքանչյուր մայր պետք է իր երեխաներին կրծքի կաթով կերակրի»,- ասաց Տաթեւը:
Հետաքրքիր է, որ երբ Տաթեւը հայտնել է երեխաներին կրծքով կերակրելու ցանկության մասին, բավական քիչ աջակցության է հանդիպել. բոլորն ասել են, որ շատ դժվար է լինելու: Սակայն Տաթեւը, որն արդեն մեկ երեխա ուներ, կրծքով կերակրելու փորձ ուներ: Այդ պատճառով հստակ գիտեր, թե ինչ է իրեն սպասվում, ինչ խնդիրներ կարող են առաջանալ եւ ինչպես պետք է դրանք հաղթահարել: Հիմա նա պատրաստ է իր փորձը կիսել այլ երիտասարդ մայրերի հետ եւ օգնել խորհուրդներով:
«Կրծքով կերակրման հաղթարշավ» լուսանկարների մրցույթի շրջանակում հաղթել են նաեւ Ամալյա Շիրինյանը, Սյուզաննա Սահակյանը, Նելլի Հարությունյանը, Լուիզա Վարդերեսյանը, Մարի Հովհաննիսյանը, Աննա Սահակյանը, Քրիստինե Ասրյանը, Էմմա Խաչատրյանը, Անահիտ Կարապետյանը, Սյուզաննա Մացակյանը, Անուշ Շմոյանը, Անի Սիմոնյանը, Նունե Ապրեսյանը, Անի Աճառյանը եւ Սուսաննա Մամիկոնյանը: Ընդհանուր առմամբ, մրցույթին ավելի քան 500 երիտասարդ մայր է մասնակցել:






