Հայաստանի ծննդատներում աշխատող 10 մանկաբարձներ եւ բուժքույրեր «Կրծքով կերակրման ընկերներ» մրցույթի շրջանակում պարգեւներ են ստացել՝ կրծքով կերակրմանն աջակցելու համար: Մրցույթը կազմակերպվել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ), Հայաստանի առողջապահության նախարարության եւ «Ընտանիքի ակադեմիա» հասարակական կազմակերպության «Կրծքով կերակրման հաղթարշավ» ծրագրի շրջանակում:
Ծննդատների աշխատակիցներին ընտրել են երիտասարդ մայրերի շրջանում անցկացված անանուն հարցման արդյունքով, որոնք պետք է պատմեին, թե հատկապես ով է նրանց օգնել սկսել կրծքով կերակրել եւ օգտակար խորհուրդներ տվել:
Ամենից հաճախ հնչել են հետեւյալ մասնագետների անունները. Արմինե Ադամյան՝ Շենգավիթից, Նունե Մատիկյան՝ Ստեփանավանից, Վարդուհի Գրիգորյան եւ Հասմիկ Աբրահամյան՝ Շիրակից, Աիդա Գաբրիելյան՝ Մարալիկից, Բելլա Կարապետյան՝ Արմավիրից, Աննա Մարգարյան՝ Արարատից, Կարինե Սարգսյան՝ Վեդիից, Վարդուհի Սարգսյան՝ Արտաշատից եւ Էլինար Ադամյան՝ Էջմիածնից:
Բուժքույր Էլինար Ադամյանն արդեն 44 տարի է՝ աշխատում է ծննդօգնության ոլորտում: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նա պատմեց, որ լավ է հիշում այն ժամանակները, երվ երիտասարդ մայրերին ծննդատներում արհեստական խառնուրդներ էին բաժանում ու խրախուսում օգտագործել դրանք: Այն ժամանակ այդ խառնուրդներն ակտիվորեն քարոզում էին, եւ շատերը պնդում էին, որ դրանք ավելի լավ են, քան կրծքի կաթը: Սակայն 1990-ականներին ամեն ինչ սկսեց փոխվել, եւ մասնագետները սկսեցին հասկանալ, որ նույնիսկ ամենաթանկ խառնուրդը չի կարող փոխարինել մայրական կաթին:
Այսօր Հայաստանի ծննդատներում խրախուսում են կրծքով կերակրումը: Էլինար Ադամյանը նշեց, որ այն ծննդատանը, որտեղ ինքն աշխատում է, երիտասարդ մայրերին սովորեցնում են ճիշտ կրծքով կերակրել, իսկ երբ կանայք տուն են վերադառնում, մասնագետներն այցելում են նրանց՝ տեսնելու, թե ինչպես են կերակրում իրենց երեխաներին, արդյո՞ք ամեն ինչ ճիշտ են անում եւ խորհրդի ու օգնության կարիք չունեն: Արդյունքում, բուժքրոջ հավաստմամբ, այդ ծննդատանը ծննդաբերած կանանց 90%-ը երեխաներին կրծքով է կերակրում:






