#WeAreNotWaiting շարժումը միավորել է շաքարախտով հիվանդներին, որոնք հոգնել են իրենց օրգանիզմի ցուցանիշներն անհրաժեշտ մակարդակում պահելու համար որակյալ սարքերի ստեղծմանը սպասելուց: Նրանք որոշել են խնդիրն ինքնուրույն հաղթահարել եւ հավաքական գիտակցության ուժով հատուկ սարքեր եւ համակարգեր են ստեղծում՝ առավել որակյալ կյանքով ապրելու համար:
Շաքարախտով տառապողները դժգոհում են, որ զանգվածային շուկայում վաճառվող սարքերն անհարմար են եւ ոչ արդյունավետ: Դրանք հաշվի չեն առնում յուրաքանչյուր մարդու անհատական առանձնահատկությունները եւ կարող են նույնիսկ ինչ-որ աստիճանով վիճակը միայն վատացնել: Հիվանդության ընթացքը թեթեւացնող տեխնոլոգիաների սպասումից հուսահատված՝ շաքարախտով հիվանդները բժշկական հաքերություն են նախաձեռնել եւ ինքնուրույն են ստեղծում այն, ինչ իրենց անհրաժեշտ է:
Այսպես՝ #WeAreNotWaiting նախագծի շրջանակում ելքային բաց Nightscout ծածկագրով համակարգ է թողարկվել: Ծառայությունը թույլ է տալիս իրական ժամանակում հետեւել օրգանիզմի ցուցանիշների փոփոխություններին՝ ինսուլինի մակարդակին, ածխաջրերի քանակին: Օրինակ՝ մայրը կարող է հեռավորությունից հետեւել իր երեխայի վիճակին:
Մեկ այլ օրինակ է ինքնաշեն xDrip սարքը, որն անլար ռեժիմում մոնիտորից Dexcom G4 գլյուկոզայի մակարդակի վերաբերյալ տվյալներ հավաքելու հնարավորություն է ընձեռում: Սարքն առաջին համակարգին է նման, սակայն ավելի նեղ ուղղվածություն ունի: Այն ստեղծելու համար անհրաժեշտ բաղադրամասերի ընդհանուր արժեքը 40 դոլար է, դրանք տեղավորվում են Tic Tac-ի տուփի մեջ:
Տնային գյուտարարները հասել են նաեւ ավելի լուրջ համակարգերին՝ այսպես կոչված «արհեստական ենթաստամոքսային գեղձին»: Դրանք փակ համակարգեր են՝ կազմված պոմպից, միկրոհամակարգչից եւ գլյուկոզայի մակարդակի հաղորդիչներից, որոնք ավտոմատ ռեժիմում օրգանիզմի վիճակը նորմայի շրջանակում են պահում: OpenAPS (APS — շաքարախտով հիվանդների համար փակ համակարգերի ստանդարտներ) խումբը թույլ է տալիս համատեղելի սարքեր ունեցող յուրաքանչյուր մարդու ստեղծել սեփական, հարմարեցված համակարգ:
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Դան Լյուիսին չէր բավարարում գլյուկոզայի իր մոնիտորը, որը չափազանց ցածր ազդանշան էր տալիս, եթե մակարդակը կրիտիկականի էր հասնում: Նա վախենում էր, որ գիշերը չի արթնանա, իսկ հետո ուշ կլինի: Նա սկսել է արդիականացնել իր սարքավորումը՝ ստեղծելով ամբողջ խումբ: Այսօր OpenAPS-ը, օրինակ, թույլ է տալիս համակարգերը լրացնել մտերիմ ընկերներին տվյալներն ուղարկելու հնարավորությամբ: Արտակարգ դեպքի ժամանակ շաքարախտով հիվանդը առանց օգնության չի մնա:
Ժամանակակից զանգվածային բժշկական տեխնոլոգիաների խնդիրն այն է, որ դրանք պետք է անցնեն արտոնագրման երկար ընթացակարգ: Սակայն շաքարախտով հիվանդների յուրաքանչյուր օրը հաշված է: Սարքի մասին տեղեկության հայտնվելու պահից մինչեւ այն վաճառահանելը 5 տարի սպասելը շատերի համար իրատեսական չէ: Հենց այսպես էլ հայտնվել է բժշկական հաքերների #WeAreNotWaiting միությունը:






