Եթե հոգնել եք ձեզ լավ զգալուց ու առողջ լինելուց, երբ շուրջը բոլորը հիվանդ են, եթե Ձեզ թվում է, որ բարձր ջերմաստիճանն ու թուլությունն ամբողջ մարմնում հենց այն է, ինչ Ձեզ հիմա պակասում է, ուրեմն արժե լրջորեն մտածել այն մասին, թե ինչպես կարելի է որեւէ բանով վարակվել։ Օրինակ գրիպով կամ այլ վիրուսային հիվանդությամբ, որը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։ Դրա համար հիմա շատ հարմար ժամանակաշրջան է։
Հետեւեք մեր վնասակար խորհուրդներին, որպեսզի հնարավորինս արագ վարակվեք գրիպով ու ՍՇՎ-ով
1․ Ձեռքերդ մի՛ լվացեք
Ձեռքերը լվանալն անօգուտ ու հիմար զբաղմունք է։ Նախ՝ դրանք առանց այդ էլ միանգամայն մաքուր են թվում։ Երկրորդ՝ ձեռքերը լվանալիս դրանց մակերեսից մաքրվում են վիրուսներն ու մանրէները, բայդ Դուք չեք ուզում չէ՞ բաժանվել այդ արարածներից ու նրանց կործանման դատապարտել կոյուղու խողովակներում։ Դրա համար էլ մի՛ լվացեք ձեռքերը, իսկ ավելի լավ է՝ ավելի հաճախ դրանցով դիպչեք ձեր քթին, աչքերին ու շրթերին։ Այդ դեպքում Դուք հաստատ մի բանով կվարակվեք։
2․Երբեք սենյակը մի՛ օդափոխեք
Փողոցում հիմա շատ ցուրտ է, ու պատուհանը բացելն ու սենյակը օդափոխելն այդքան էլ հաճելի չէ։ Պատուհանները փակ պահեք, մանավանդ եթե սենյակում շատ մարդ կա։ Մաքուր օդը կնվազեցներ օդակաթիլային հիվանդություններով վարակվելու հավանականությունը, ինչը, սակայն, Դուք չեք ուզում։
3․ Ավելի հաճախ գրկախառնվեք ու համբուրվեք հիվանդ մարդկանց հետ
Տեսնելով փռշտացող ու հազացող մարդու՝ պարտադիր գրկեք նրան ու համբուրեք, նույնիսկ եթե նա դիմադրի։ Հիվանդների հետ մոտ շփումը վարակվելու ամենաարդյունավետ տարբերակներից մեկն է։
4․ Դիմակները չարիք են
Եթե դուք փակ տարածությունում եք բազմաթիվ հիվանդ մարդկանց հետ, բոլորովին պարտադիր չէ, որ բժշկական դիմակ հագնեք։ Եթե սենյակը չի օդափոխվում, իսկ հիվանդներն էլ դիմակներ չունեն, Դուք ամենայն հավանականությամբ կվարակվեք նրանցից, եթե ինքներդ էլ դիմակ չհագնեք։
5․ Թեթեւ հագնվեք
Գրիպով կամ ՍՇՎ-ով վարակվելու ամենաարագ ու հուսալի տարբերակներից մեկը մրսելն է։ Մրսածությունը սթրես է օրգանիզմի համար՝ մրսած մարդը խոցելի է դառնում վիրուսների ու մանրէների նկատմամբ։ Դրա համար էլ նույնիսկ եթե դրսում սառնամանիք է, տաք հագնվել պետք չէ, ավելի լավ է աշնանային- գարնանային որեւէ հագուստ ընտրեք ու առաջ՝ դեպի գրիպ ու ՍՇՎ։
P.S.
Շատերը, ասես չնկատելով, ամեն օր անում են այն ամենն, ինչ նկարագրված է վերեւում, ինչն իրոք բարձրացնում է գրիպով ու սուր շնչառական վարակիչ վիրուսներով վարակվելու հավանականությունը։ Որոշ ՍՇՎ հիվանդություններ բավականին թեթեւ ընթացք են ունենում, սակայն գրիպը լուրջ հիվանդություն է, որը հաճախ ծանր բարդացումներ ու հետեւանքներ է ունենում, մանավանդ երեխաների ու տարեց մարդկանց համար։
NEWS.am Medicine-ի խմբագրությունը իր ընթերցողներին կոչ է անում ավելի ուշադիր լինել իրենց առողջության հանդեպ ու ոչ մի դեպքում չհետեւել վերոնշյալ հումորային «խորհուրդներին»։






