Այս սիմպոզիումի եւ մեր այցի նպատակն է՝ երեխաներին լյարդի փոխպատվաստման ոլորտում մեր գիտելիքները փոխանցել, որպեսզի հետագայում այն կատարվի նաեւ Հայաստանում: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ռուսաստանցի վիրաբույժ-ուռուցքաբան Դմիտրի Ախալաձեն, որը Հայաստանում մասնակցում է փոխպատվաստման հարցերին նվիրված սիմպոզիումին:

«Մենք պատրաստ ենք մեր գիտելիքները փոխանցել հայ գործընկերներին եւ օգնել լյարդի փոխպատվաստում կատարել, առաջին հերթին՝ երեխաներին: Մենք կօգնեն հիվանդների սելեկցիա կատարել, եւ տեսնենք, թե երբ եւ ինչպես կարելի է դա իրականացնել»,- ասել է նա:

Ախալաձեի խոսքով՝ սեմինարի ընթացքում պատմելու է այն մասին, թե ինչպես պետք է ազգական դոնորի ընտրել, որը հիվանդին կտա լյարդի մի մասը: «Մեր այս այցն ավելի շատ ճանաչողական է: Ուզում ենք տեսնել, թե ինչ պայմաններ ունեք, ծանոթանալ հիվանդներին, հասկանալ, թե ինչ է պետք անել՝ նրանց համար փոխպատվաստում կազմակերպելու համար»,- ասաց ռուսաստանցի բժիշկը՝ հավելելով, որ խոսքն առայժմ միայն ողջ ազգական դոնորից լյարդի մի մասի փոխպատվաստման մասին է:

Ըստ նրա՝ Ռուսաստանում կիրառվում է նաեւ դիակի դոնորությունը: Մեծահասակներին դիակից ամբողջական լյարդ է փոխպատվաստվում, իսկ երեխաներին՝ լյարդի մի մասը միայն:

«Նաեւ առանձին ուղղություններ կան, օրինակ՝ մանկական հետմահու դոնորություն, որը Ռուսաստանում նոր է սկսում զարգանալ, որպեսզի հնարավոր լինի երեխային ամբողջական լյարդ փոխպատվաստել, բայց միայն երեխայից: Դա լուրջ խնդիր է, որը, հուսով եմ, առաջիկայում կիրականացվի Ռուսաստանում»,- ասաց Դմիտրի Ախալաձեն՝ հավելելով, որ ՌԴ գործող օրենսդրությամբ ողջ դոնոր կարող է դառնալ միայն գենետիկ ազգականը, բայց լինում են դեպքեր, երբ երեխան պարզապես ազգական չունի կան ինչ-ինչ պատճառներով նրանք չեն կարող դոնոր դառնալ: Նման դեպքերում ելքը դիակից փոխպատվաստումն է:

Ռուսաստանցի վիրաբույժը հավելեց, որ երեխաների մոտ լյարդի փոխպատվաստում պահանջվում է միայն այնպիսի պաթոլոգիաների դեպքում, ինչպիսին են լյարդի խոլեստատիկ հիվանդությունները, Բայլերի հիվանդությունը, մետաբոլիկ խանգարումները, լյարդի ուռուցքային հիվանդությունները, չնայած դրանք երեխաների մոտ հազվադեպ են պատահում: Բժիշկների խոսքով՝ երեխաների մոտ առավել տարածված լյարդի ուռուցքը հեպատոբլաստոման է, որը դեպքերի մեծ մասում բուժվում է վիրահատական միջամտությամբ, առանց փոխպատվաստման: «Բայց լինում են դեպքեր, երբ փոխպատվաստման անհրաժեշտություն է լինում»,- հավելեց Դմիտրի Ախալաձեն:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-26-ը Երեւանի «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ում անցկացվում է տրանսպլանտոլոգիայի հարցերին նվիրված հայ-ռուսական սիմպոզիում՝ «Տրանսպլանտոլոգիայի արդիական հարցերը» թեմայով: Սիմպոզիումին մասնակցում են Մոսկվայի պետական բժշկա-ստոմատոլոգիական համալսարանի «Տրանսպլանտոլոգիայի եւ արհեստական օրգանների» ամբիոնի պրոֆեսոր Յան Մոյսյուկը եւ ակադեմիկոս Վ.Ի.Շումակովի անվան տրանսպլանտոլոգիայի եւ արհեստական մարմինների դաշնային գիտական կենտրոնի վիրաբուժության բաժնի ղեկավար Դմիտրի Ախալաձեն:

Նշենք նաեւ, որ Հայաստանում դիակի դոնորության հարցը դեռեւս օրենսդրորեն կարգավորված չէ, այստեղ փոխպատվաստում են միայն ողջ դոնորի օրգանները: