Քաղցկեղով անբուժելի հիվանդները, որոնց քիմիաթերապիա են արել, ավելի հաճախ մահացել են ինտենսիվ թերապիայի բաժնում, ասված է նոր հետազոտության մեջ:

Շատ հիվանդներ, որոնց քաղցկեղը մետաստազ է առաջացրել, իրենց ենթարկում են քիմիաթերապիայի միայն որովհետեւ չեն հասկանում, որ այն դրանք չի բուժի, փոխանցում է Fox News-ը:

Հոլլի Փրիջերսոնը, ով աշխատում է Նյու Յորքի Weill Cornell բժշկական քոլեջում եւ մասնակցել է հետազոտությանը, ասում է, որ իր աշխատանքային փորձի ընթացքում պալիատիվ քիմիաթերապիան չի թեթեւացնում հիվանդների ցավերը, այլ ընդհակառակը՝ նրանց ավելի է ցավեցնում:

Իրենց հետազոտության համար փորձագետները վերլուծել են 8 քաղցկեղային կլինիկաների տվյալները: Վերջին փուլի քաղցկեղով 386 հիվանդից 216-ին հետազոտության սկզբում պալիատիվ քիմիաթերապիա է արվել:

Արդյունքները ցույց են տվել, որ նրանք ապրել են նույնքան, որքան այն հիվանդները, որոնք քիմիա չեն ստացել՝ 4 ամիս:

Իսկ քիմիաթերապիա ընդունած հիվանդների 11%-ը մահացել է ինտենսիվ թերապիայի սենյակում, ոչ թե տանը՝ ի տարբերություն նրանց, ովքեր քիմիա չեն ընդունել, BMJ ամսագրում գրել են հետազոտողները:

«Երբեմն այդպիսի բուժումից վիճակն ավելի է վատանում, եւ դա պետք է հսկեն բժիշկներն ու բուժանձնակազմը»,- ասում է Նյու Յորքի Memorial Sloan Kettering կենտրոնի ուռուցքաբան էնդրյու Էփշտեյնը:

Որոշ դեպքերում պալիատիվ քիմիաթերապիան օգնում է՝ փոքրացնում ուռուցքը, թեթեւացնում ցավը եւ լավացնում կյանքի որակը, ասում է Հյուսիսային Քարոլինայի Duke Cancer ինստիտուտի պալիատիվ ուռուցքաբանության բժիշկ Թոմաս Լե Բլանկը:

«Ինչպեսեւ ցանկացած բուժում, պալիատիվ քիմիաթերապիան պետք է շատ խելամիտ ձեւով կիրառվի,- ասում է նա:- Այն անօգուտ է լինում այն դեպքերում, երբ հիվանդներն արդեն զգալիորեն թուլացած են կամ նրանց հիվանդությունը չափազանց խորացած է, մետաստազներ է առաջացրել: Այդպիսի դեպքերում դա կարող է նույնիսկ վտանգավոր լինել»:

Եվ ամեն դեպքում, բժիշկների համար շատ դժվար է տարանջատել սահմանը՝ երբ քիմիաթերապիան կարող է օգուտ բերել, երբ՝ կվնասի եւ հիվանդությունն ավելի կսրի, ասում է Լե Բլանկը, ով չի եղել ուսումնասիրողների թիմում: