Հայաստանում առաջին անգամ ողնուղեղի փոխպատվաստում կարվի բազմակի միելոմայով հիվանդներին։ Այս մասին լրագրողներին ասել է Հեմատոլոգիական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը։
Հայաստանում այսօրվա դրությամբ կա 191 գրանցված հիվանդ, եւ ամեն օր գրանցվում է մոտ 35-40 նոր դեպք։ Բազմակի միելոմայով հիվանդների մոտ 30 տոկոսը ողնուղեղի փոխպատվաստման կարիք ունի, առավել հաճախ՝ աուտոփոխպատվաստման, որի ժամանակ օգտագործվում են ոչ թե դոնոր ցողունային բջիջները, այլ հենց պացիենտի բջիջները։
Հայ մասնագետներն արդեն 40-60 տարեկան 9 հիվանդի են առանձնացրել, որոնք, նրանց կարծիքով, կարող են համապատասխան թեկնածուներ լինել փոխպատվաստման համար։ Հիմա այդ 9 պացիենտներին պետք է հետազոտի Հայաստան ժամանած պրոֆեսոր Նիկլաս Ցոյերը (Ավստրիայի Վիլհելմինենսփինալի կլինիկա), որը նրանցից կընտրի առավել համապատասխան թեկնածուներին եւ կօգնի նրանց նախապատրաստել առաջիկա ընթացակարգի համար։
Բժիշկ Ցոյերի այցի նպատակն է վերջերս բացված Արյունաբանական կենտրոնի նոր բաժանմունքների աշխատանքի կազմակերպումը, որոնցից ամենակարեւորը ցողունային բջիջների հավաքման լաբորատորաիան է եւ ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքը: Անհրաժեշտ ամեն ինչով հագեցած այս բաժանմունքների բացումով Հայաստանում ոսկրածուծի փոխպատվաստում կատարելու հնարավորություն է ստեղծվել. դա բարդագույն միջամտություն է, որը կօգնի մեծ թվով կյանքեր փրկել, եւ որի կարիքը հարյուրավոր հիվանդներ ունեն ինչպես Հայաստանում, այնպես էլ հարեւան երկրներում:
Հայ փոխպատվաստողների եւ արյունաբանների խումբը արդեն վերապատրաստում է անցել աշխարհի առաջատար կլինիկաներում, սակայն առաջին վիրահատություններին նախապատրաստվելու եւ դրանք իրականացնելու համար նրանց պետք է օգնեն այլ երկրների փորձառու մասնագետները, եւ նրանցից մեկը բժիշկ Ցոյերն է:
Երեւան կատարած այցի ընթացքում նա նաեւ դասախոսություն կկարդա Արյունաբանության կենտրոնում կայանալիք գիտական համաժողովի ժամանակ եւ տեղացի մասնագետներին կօգնի հասկանալ մի շարք բարդ դեպքեր:
Պրոֆեսոր Դաղբաշյանը նշեց, որ Հայաստանում շատ շուտով կսկսեն ոսկրածուծի փոխպատվաստում կատարել, եւ այդ միջամտության կարիք ունեցող հիվանդներն այլեւս ստիպված չեն լինի ուրիշ երկրներ մեկնել: Ավելին՝ կարող են Հայաստան բուժվելու համար հիվանդներ գալ հարեւան երկրներից:
Նշենք, որ բազմաքանակ միելոման արյան չարորակ հիվանդություն է, որի դեպքում արյան սպիտակ բջիջների որոշակի տեսակը, որը կոչվում է արյան պլազմա, սկսում է ոսկրածուծում անոմալ ձեւով բազմանալ: Պլազմայի բջիջները պատասխանատու են հակամարմինների արտադրման համար, որոնք օրգանիզմին օգնում են պայքարել ինֆեկցիաների դեմ: Միելոմայի դեպքում այդ բջիջները ոսկրում եւ արյան մեջ իմունոգլոբուլին սպիտակուց են արտադրում, որն աստիճանաբար կուտակվում է ամբողջ օրգանիզմում: Ոսկրածուծի ներսում միելոմայի բջիջները քիմիական նյութեր են արտադրում պլազմայի մեջ, ինչը հանգեցնում է ոսկորների փխրունության եւ կոտրվածքների:






