Շոտլանդիայի լաբորատորիաներից մեկում գիտնականները սկսել են ցողունային բջիջներ հավաքել մանկական կաթնատամներից: Հետագայում բջիջները կսառեցնեն, եւ դրանք կպահպանվեն երկար ժամանակահատվածում: Դրանք կհալեցնեն այն դեպքում, եթե երեխան բուժման անհրաժեշտություն ունենա: Բջիջների հավաքման եւ պահպանման նախագիծն իրականացվում է ամերիկյան BioEden ընկերության կողմից:

Ընկերության ղեկավար Թոնի Վեվերկան պարզաբանել է, որ իրենք առաջինն են կազմակերպել կաթնատամներից ստեղծվող ցողունային բջիջների բանկը: Այժմ BioEden-ը աշխարհի 60 երկրներից ավելի քան 20 հազար հաճախորդ ունի: Բջիջների պահպանումն արժե ամսական մոտ 16 դոլար:

Երբ երեխայի կաթնատամն ընկնում է, ծնողներին առաջարկվում է այն լաբորատորիա հանձնել: Այնտեղ ատամը մաքրում են եւ դրանից ցողունային բջիջներ ստանում: Դրանցից յուրաքանչյուրի մեջ միայն փոքր քանակությամբ բջիջ է պարունակվում, որոնք կարելի է մշակել՝ դրանց քանակը մինչեւ մի քանի միլիոնի հասցնելու համար: Դրանից հետո բջիջները սառեցվում են հետագա պահպանման համար:

Կաթնատամներում առկա են մեզեխիմալային բջիջներ, որոնք կարող են բջիջների տարբեր տեսակներ սկզբնավորել՝ կռճիկային, ոսկրային, մկանային կամ ճարպային: Ամենատարածված ընթացակարգը ցողունային բջիջների հավաքումն է պորտալարի արյունից, որոնցից կարելի է ստանալ հեմոցիտոբլաստների բջիջների տարբեր տեսակներ:

Այժմ ցողունային բջիջների բազմաթիվ հետազոտություններ են կատարվում, սակայն դրանցից միայն մի քանիսը կհանգեցնեն բուժման նոր մեթոդի զարգացմանը: BioEden-ի ներկայացուցիչները նշում են, որ իրենք բանկում պահպանվող որոշ նմուշներ արդեն օգտագործել են 2-րդ տեսակի շաքարախտի եւ «գայլի երախի» բուժման համար: