Երեւանում կայացավ անսովոր բժշկական համաժողով: Այստեղ ոչ թե բժշկության նվաճումների մասին դասախոսություններ էին հնչում, այլ հավաքվել էին մարդիկ, որոնք հաղթահարել են քաղցկեղը, եւ բժիշկները, որոնք օգնել են այդ մարդկանց: Նրանք եկել էին պատմելու իրենց մասին, խնդիրների մասին, որոնց բախվել են իրենք, ինչպես նաեւ կիսել իրենց փորձը նրանց հետ, ովքեր ճակատագրի կամոք այժմ ստիպված են անցնել դրա միջով:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Եվրոպա Դոննա Հայաստան կազմակերպության անդամ Սուսաննա Սերոբյանը պատմեց, որ Հայաստանում առաջին անգամ է կազմակերպվում այս ձեւաչափով պացիենտների համաժողով՝ «Դու մենակ չես» խորագրով:

«Մենք փորձել ենք բարձրացնել բազմաթիվ կարեւոր հարցեր, որոնք վերաբերում են հիվանդների իրավունքներին, նրանց իրազեկվածությանը, բժիշկ-հիվանդ հարաբերությունների որակին: Անդրադարձ է կատարվել այսօրվա հիվանդներին նախկինում դրա միջով անցած անձանց կողմից աջակցություն տրամադրելուն աջակցման խմբեր ստեղծելու միջոցով»,- ասել է նա: Սուսաննա Սերոբյանի խոսքով՝ լուրջ հարց է նաեւ պացիենտների իրավունքների հարցը, եւ իրենց կազմակերպությունը մտադիր է այդ հարցը բարձրացնել կառավարությունում:

Համաժողովի ընթացքում կրծքի քաղցկեղն հաղթահարած Սուսաննա Սերոբյանը, որը եռյակի մայր է, ներկայացրել է նաեւ բուժման իր փորձը:

Հայաստանի Ուռուցքաբանության ազգային կենտրոնի գլխավոր բժիշկ Արթուր Ավետիսյանը իր զեկույցում պատմել է, թե երբ եւ ինչպես կանայք պետք է ստուգեն կրծքագեղձը, ինչպես նաեւ ներկայացրել է հիվանդների հիմնական պատճառաբանությունները, թե ինչու երկար ժամանակ բժշկի չեն դիմել, եւ իրենց մոտ են հայտնվել, երբ արդեն շատ ուշ է: Նրա խոսքով՝ հիմնական դրդապատճառները ժամանակի եւ  գումարի բացակայությունն է, ինչպես նաեւ վախը, որ իրենց մոտ կարող են ինչ-որ բան գտնել: Այդ ամենին բժիշկը հիմնավորված հակափաստարկներով է պատասխանել:

NEWS.am Medicine-ի թղթակցի  հետ զրույցում Արթուր Ավետիսյանը նշեց, որ շատ կանայք ոչինչ չգիտեն կանխարգելիչ հետազոտությունների մասին, այն մասին, որ դա պետք է անել անգամ նախանշանների բացակայության դեպքում: «Կանանց մի մասը խղճում է իր երեխաներին՝ ենթադրելով, որ եթե նրանք իմանան հիվանդության մասին, ապա խնդրի առաջ կկանգնեն, եւ չեն էլ գիտակցում, որ ուշ ախտորոշման ժամանակ այդ երեխաներին ավելի լուրջ խնդրի առջեւ կկանգնեցնեն»,- ասաց նա: Բժիշկը հայ կանանց խորհուրդ է տալիս ընտրել գրագետ բժշկի, որի հետ կազմել կանխարգելիչ այցերի ժամանակացույց, եւ խստորեն հետեւել դրան:

Մանկական ուռուցքաբան Գեւորգ Թամամյանը NEWS.am Medicine-ի թղթակցի  հետ զրույցում նշեց, որ միջոցառման ձեւաչափը, որն առաջարկել է Եվրոպա Դոննա Հայաստան կազմակերպությունը, իրեն շատ է դուր եկել:  «Սա շատ լավ ձեւաչափ է, երբ հիվանդները, բժիշկները, ընտանիքները, հոգեբանները, հասարակությունն ամբողջությամբ քննարկում են քաղցկեղի խնդիրները»,- ասել է նա:

Միջոցառման ընթացքում «Առողջության կամուրջ» հիմնադրամի հիմնադիր Անահիտ Բարսեղյանը ապաքինված երեխաներին պարգեւատրեց Հերոսի շքանշաններով ու պատվոգրերով:

NEWS.am Medicine-ի հետ զրույցում Անահիտ Բարսեղյանը պատմեց, որ դա արդեն ամենամյա ավանդույթ է, իրենք տվյալներ են հավաքում վերջին մեկ տարում քաղցկեղից ապաքինված երեխաների մասին եւ նրանց պարգեւատրում են որպես կյանքի համար պայքարում հաղթողների:

«Առողջության կամուրջ» հիմնադրամը Հայաստանում աշխատում է արդեն 4.5 տարի: