Երեւանում նոյեմբերի 25-26-ն  ընթացող հայ-ռուսական համաժողովի ժամանակ քննարկվել է Հայաստանում լյարդի փոխպատվաստում իրականացնելու հարցը: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասել է «Արաբկիր» ԲԿ-ի գաստրոէնտերոլոգիական եւ լյարդաբանական ծառայության եւ Պարբերական հիվանդության մանկական հանրապետական կենտրոնի ղեկավար Գայանե Ամարյանը:

Երկօրյա համաժողովի ժամանակ քննարկվել են լյարդի փոխպատվաստման պոտենցիալ ռեցիպիենտները, ինչպես նաեւ ընթացել են Մոսկվայի բժշկա-ատամնաբուժական համալսարանի պրոֆեսոր Յան Մոյսյուկի եւ Առողջապահության պետական բյուջետային հաստատություն Մոսկվայի կլինիկական գիտապրակտիկ կենտրոնի հեպատոպանկրեատոբիլիար վիրաբուժության բաժնի ավագ գիտաշխատող Դմիտրի Ախալաձեի դասախոսությունները:

Պոտենցիալ ռեցիպիենտ ընտրելու համար բժիշկները հետազոտել են 10 հիվանդի՝ 7 երեխայի եւ 3 մեծահասակի: Որոշում է կայացվել նրանց հետագա բուժման հարցում: Որպես պոտենցիալ ռեցիպիենտ՝ ընտրել են 3 տարեկան մի աղջկա, որի մոտ տերմինալ փուլի ծանրագույն բիլիար ցիռոզ է: «Մենք հույս ունենք, որ դա գործնական շարունակություն կունենա: Հայաստանում կարվի այս յուրահատուկ առաջին վիրահատությունը, բայց երբ՝ դժվար է կոնկրետ ասել: Դա շատ բարդ գործընթաց է թե՛ կազմակերպչական, թե՛ տնտեսական առումով»,- ասել է Ամարյանը:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Յան Մոյսյուկը նշեց, որ այսօր դրված է միայն Հայաստանում լյարդի փոխպատվաստման մեկնարկի հիմքի առաջին քարը: «Այստեղ ակնհայտորեն վրա է հասել ճշմարտության այնպիսի պահ, երբ կա հիվանդների պահանջ, կա մասնագետների մոտիվացիա եւ նախաձեռնություն, կա համապատասխան մակարդակ լյարդի փոխպատվաստման մեկնարկի համար»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ «Արաբկիր» ԲԿ-ում, որը միակն է Հայաստանում, որտեղ երիկամների փոխպատվաստում են իրականացնում, օրգանների փոխպատվաստման տեխնոլոգիան արդեն յուրացվել է:

Նրա խոսքով՝ համաշխարհային վիճակագրության համաձայն՝ տարեկան լյարդի փոխպատվաստման կարիք է ունենում 1 մլն-ից 20 մարդ: Եթե անգամ Հայաստանի բնակչությունը հաշվենք 2.5 մլն մարդ, ապա տարեկան դրա կարիքը կունենա 50 մարդ: «Հնարավոր է, որ այդ թիվը դեր խաղա այդ ծրագրի պետական պլանավորման ժամանակ»,- ասել է նա՝ հավելելով, որ Հայաստանում այդ ծրագրի կիրառման համար բժիշկների լրացուցիչ պրոֆեսիոնալ պատրաստության կարիք կլինի, եւ իրենք Դմիտրի Ախալաձեի հետ պատրաստ են օգնել այդ հարցում:

Յան Մոյսյուկը նշել է, որ իր դասախոսություններից մեկի թեման ընթացիկ սիմպոզիումին եղել է անհամատեղելի հարազատ դոնորներից երիկամների փոխպատվաստումը: Հայաստանում մինչեւ հիմա համատեղելի դոնորներից փոխպատվաստումներ են արվել: «Դա հետագա քայլ է եւ այն Հայաստանում շատ իրատեսական է: Դա անհրաժեշտ է անել, որպեսզի ավելի մեծ թվով հիվանդներ հնարավորություն ունենան այդ վիրահատությունն անել Հայաստանում: Փոխպատվաստման հարցում ամեն երկրի ինքնաբավության սկզբունքը վաղուց է ձեւավորվել, որպեսզի հիվանդը ստիպված չլինի փոխպատվաստման համար մեկնել այլ երկիր եւ մեծ գումարներ վճարել: Դա երիկամների փոխպատվաստման զարգացմանն ուղղված հետագա քայլն է: Սակայն ամենակարեւորը, որը  պետք է լուծվի պետական մակարդակով, դա հետմահու դոնորության համակարգ ստեղծելն է»,- ասել է նա: