2016 թվականի աշնանը Հայաստանում գրանցված սուր շնչառական հիվանդությունների դեպքերի թիվը չի գերազանցում նախորդ տարիների ցուցանիշը, համաճարակի մասին խոսք լինել չի կարող: Այս մասին նոյեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարարության մանկական հիվանդությունների ինտեգրացված վարման ազգային ծրագրի ղեկավար, Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջազգային փորձագետ Սոնյա Առուշանյանը:
Նրա խոսքով՝ ներկայում սուր շնչառական հիվանդությունների սեզոնային ակտիվություն է նկատվում: Հիվանդացության բարձր մակարդակ է գրանցվում առավելապես փոքր եւ միջին տարիքի երեխաների շրջանում: Պատճառները մի քանիսն են.
- Դպրոցական եւ նախադպրոցական հաստատությունների հաճախում, որտեղ մեկ տարածքում բազմաթիվ երեխաներ կան, ինչը նպաստում է վարակի տարածմանը,
- Հայաստանի բնակչության շրջանում դեռեւս ձեւավորված չէ մշակույթը, որ հիվանդ երեխային չի կարելի դպրոց կամ մանկապարտեզ տանել, քանի որ նա վարակի տարածման աղբյուր է դառնում,
- Վաղ տարիքի երեխաների մոտ (մինչեւ մեկ տարեկան) իմունային համակարգը դեռեւս չի ձեւավորվել: Ռիսկի խմբում են նաեւ քրոնիկական հիվանդություններով երեխաները, որոնք ունեն երկրորդային իմունային անբավարարության:
Մասնագետի գնահատմամբ՝ ներկայում մանկական հիվանդանոցների գերծանրաբեռնվածությունը կապված չէ այն հանգամանքի հետ, որ սեզոնային վիրուսներն ավելի ծանր ընթացք ունեն, քան, ասենք, անցյալ սեզոնին: «Մեզ մոտ իրավիճակը վերահսկելի է, պարզապես ծնողները նախընտրում են անմիջապես դիմել ստացիոնար բուժման, այլ ոչ թե առաջնային օղակի մասնագետներին»,- նշեց նա:
Սոնյա Առուշանյանը ծնողներին կոչ արեց սերտ կապի մեջ լինել առաջնային օղակի բժիշկների հետ եւ հիվանդության առաջին իսկ նախանշաների դեպքում դիմել նրանց: Բժիշկները կգնահատեն երեխայի վիճակը եւ, անհրաժեշտության դեպքում, հիվանդանոց տեղափոխելու մասին որոշում կկայացնեն: Ըստ նրա՝ ԱՀԿ-ի տվյալներով, սուր շնչառական հիվանդությունների դեպքում երեխաների միայն 15-20%-ն են ստացիոնար բուժման կարիք ունենում:
Բժիշկը հիշեցրեց այն նախանշանները, որոնք վկայում են երեխայի վտանգավոր վիճակի մասին.
- Անզուսպ փսխում, երբ երեխան փսխում է այն ամենը, ինչ կերել կամ խմել է,
- գիտակցության կորուստ,
- ուտելուց եւ խմելուց հրաժարում, վաղ տարիքի երեխաների մոտ՝ կրծքից հրաժարում,
- ցնցումներ:
Բժշկի խոսքով՝ այս նախանշանների դեպքում հարկավոր է անհապաղ մասնագետի դիմել: Ըստ նրա, ծնողները պետք է կարողանան նաեւ գնահատել երեխայի շնչառության վիճակը. արագ եւ խռպոտ շնչառությունը նույնպես վտանգավոր նշան է:
Սոնյա Առուշանյանը ծնողներին կոչ արեց նաեւ չափը չանցնել ջերմ իջեցնող միջոցների հարցում, որպեսզի երեխաների օրգանիզմն ինքնուրույն պայքարի ինֆեկցիայի դեմ: Ամեն դեպքում՝ մինչեւ 38.5 աստիճան ջերմության դեպքում դրանք պետք չէ տալ: Մասնագետը նաեւ հիշեցրեց, որ սուր շնչառական հիվանդությունների դեպքում երեխաներին անկողնային ռեժիմ եւ շատ հեղուկ է անհրաժեշտ:






