Գրիպի եւ սուր շնչառական վիրուսային ինֆեկցիայի հետեւանքով բոլոր բարդությունները հիվանդության նկատմամբ իրենց՝ հիվանդների անփույթ վերաբերմունքի հետեւանք է, ինչպես նաեւ բժիշկների անլուրջ վերաբերմունքի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, լրագրողներին ասաց Առողջապահության նախարարության գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանը:

Նա հավելեց, որ նման վերաբերմունքը լավ է բնութագրում ռուսական ասացվածքը՝ «Մինչեւ ամպրոպ չճայթի, մուժիկը չի խաչակնքվի»: Մասնագետի խոսքով, շնչուղիների ցանկացած վիրուսային հիվանդություն պետք է դիտարկել որպես ատիպիկ թոքաբորբի առաջացման պոտենցիալ վտանգ:

«Ատիպիկ թոքաբորբը այն տեսակն է, որն առաջանում է ոչ թե սովորական պնեւմոկոկերի ազդեցությամբ, այլ ուրիշ վիրուսների եւ որոշ այլ հազվագյուտ մանրէների պատճառով»,- ասաց նա՝ պարզաբանելով, թե որն է տարբերությունը. սովորական թոքաբորբը չի տարածվում թոքային հյուսվածքների վրա, իսկ ատիպիկ թոքաբորբը հյուսվածքներն է ախտահարում: Այն վտանգավոր է, քանի որ սուր շնչառական ծանր սթրես է առաջացնում, որը հանգեցնում է հիվանդների հաշմանդամության, իսկ 5-7 տոկոսի դեպքում՝ մահացու ելքի:

Նրա խոսքով՝ ռիսկի խմբում են իմունային պաշտպանական արձագանքման խնդիրներ ունեցող մարդիկ, հատկապես տարեցները, երեխաները, քրոնիկական հիվանդություններ ունեցող մարդիկ, ծխողները, թունավոր արտադրամասերի աշխատակիցները:

Անդրանիկ Ոսկանյանը հավելեց, որ սուր շնչառական վիրուսային ինֆեկցիաներից հետո բարդություններն առաջանում են այն պատճառով, որ մարդիկ շարունակում են աշխատել, անկողնային ռեժիմ չեն պահպանում: «Սուր շնչառական վիրուսային վարակների առանձնահատկությունն այն է, որ սկզբում ջերմություն, թուլություն է նկատվում: 5-6 օր հետո ախտանշանները թուլանում են, եւ մարդկանց թվում է, թե արդեն առողջացել են եւ կարող են աշխատանքի գնալ: Եվ հատկապես այդ ժամանակ է բարդացումն առաջանում՝ բուժումը դադարեցնելու եւ բժիշկների անբավարար խիստ վերաբերմունքի պատճառով»,- պարզաբանեց նա:

Գլխավոր մասնագետը հիշեցրեց, որ սուր շնչառական վարակների կանխարգելման հարցում գլխավորը ինֆեկցիայի փոխանցման օղակի խզումն է: «Այսինքն՝ հիվանդ երեխան չպետք է շփվի այլ երեխաների հետ, եւ պետք է բժշկի դիմել»,- ասաց նա՝ հավելելով, որ բժշկի դիմելու կոչը չի նշանակում անմիջապես հիվանդանոց դիմել, անհրաժեշտ է դիմել սեփական ընտանեկան բժշկին: «Սուր շնչառական վիրուսային ինֆեկցիաները երեխաներն ավելի հեշտ են հաղթահարում տան պայմաններում, քան հիվանդանոցում: Հիվանդանոցում այլ վտանգներ էլ կան»,- նշեց նա:

Նրա խոսքով՝ գլխավորը երեխայի համար տանը ճիշտ խնամք ապահովելն է՝ անկողնային ռեժիմ, մյուսներից մեկուսացում, առատ տաք ըմպելիք: Սենյակը, որտեղ հիվանդն է գտնվում, պետք է պարբերաբար օդափոխել, կարելի է մոմ վառել կամ խունկ ծխել՝ որպես հակաբակտերիցիդային միջոց: Մասնագետը հավելեց՝ պետք չէ ոչ մի դեղ տալ, հատկապես հակաբիոտիկներ: