Ամերիկյան Թեխաս նահանգում գրանցվել է մոծակի խայթոցի միջոցով Զիկա վիրուսի տեղական փոխանցման առաջին դեպքը: Նախկինում Զիկայով տեղական վարակման դեպք էր գրանցվել նաեւ Ֆլորիդայում:

Թեխասի առողջապահության դեպարտամենտում հայտնել են, որ հիվանդը կին է, որն ապրում է Մեքսիկայի սահմանից ոչ հեռու: Նա հղի չէ եւ վերջին շրջանում չի մեկնել ոչ Մեքսիկա, ոչ այլ երկրներ, որտեղ Զիկա վիրուսը տարածված է:

«Մենք գիտեինք, որ դա սոսկ ժամանակի հարց է»,- հայտարարել է դեպարտամենտի ներկայացուցիչը՝ հավելելով, որ նախկինի պես չեն կարծում, որ վիրուսը նահանգում լայնորեն կտարածվի, սակայն համանման դեպքերը հնարավոր են, ուստի մարդկանց պետք է պաշտպանել մոծակների խայթոցից:

Կնոջ մոտ վարակի առկայությունը հաստատվել է մեզի անալիզով: Սակայն արյան անալիզով բացասական արդյունք է ստացվել: Դա նշանակում է, որ հիվանդը որեւէ մեկին չի կարող վարակել:

Զիկա վիրուսն առաջին անգամ հայտնաբերվել է 1947 թվականին Ուրուգվայում, սակայն 2015 թվականից սկսած այն սկսել է սրընթաց տարածվել Լատինական Ամերիկայի երկրներում: Այս տարեսկզբին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Զիկա տենդի բռնկումը հայտարարել է համաշխարհային մասշտաբի սպառնալիք:

Վիրուսը մարդուն է փոխանցվում մոծակի խայթոցի միջոցով կամ սեռական ճանապարհով: Տենդը հաճախ ընթանում է առանց ախտանշանների, սակայն վիրուսը մեծ վտանգ է ներկայացնում հղի կանանց համար, քանի որ կարող է պտղի փոքրգլխություն առաջացնել: Բրազիլիայում այս ախտորոշմամբ արդեն մի քանի հազար երեխա է ծնվել: