Այսօր այսպես կոչված հոնկոնգյան գրիպը տարածվում է մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։ Սակայն անհանգստանալու եւ խուճապի մատնվելու ոչ մի պատճառ չկա, քանի որ հոնկոնգյան գրիպը նոր բան չէ, այլ մեզ դեռեւս անցյալ դարից հայտնի H3N2–ի A շտամը։ Այս մասին NEWS.am Medicine–ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի Հատկապես վտանգավոր հիվանդությունների եւ շնչառական ինֆեկցիաների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը։

«Հոնկոնգյան գրիպը բոլորովին էլ նոր բան չէ։ Խոսքը А Н3 հարուցիչի մասին է, որը լավ հայտնի է դեռեւս անցյալ դարի 50-60-ական թվականներից»,– ասել է մասնագետը։

Նրա խոսքով՝ վերջին 7-8 տարիներին Հայաստանում, ինչպես եւ այլ երկրների մեծ մասում գերիշխող են եղել հիմնականում Н1 ենթատեսակի վիրուսները։ ԱՅս սեզոնում, սակայն, սկսել է գրանցվել Н3 ենթատեսակի վիրուս, որը կոչում են հոնկոնգյան գրիպ։

Н3–ը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, ինչպես եւ գրիպի շտամերի մեծ մասը, այն ունի նույն կլինիկական դրսեւորումները եւ բուժվում է նույն կերպ։ Այն կարող է հանգեցնել կամ չհանգեցնել բարդացումների՝ կախված կոնկրետ մարդու օրգանիզմից։ Հիվանդի համար ոչ մի նշանակություն չունի, թե գրիպի ինչ վիրուսով է նա վարակվել՝ գրիպ А –ի H1N1, H3N2 ենթատեսակներով, թե B տեսակի գրիպի շտամով։ Վիրուսի տեսակը պարզելը հետաքրքիր է միայն համաճարակաբաններին, նշեց մասնագետը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան հայտնել էր, որ AH3N2 գրիպի հոնկոնգյան տարբերակը այս տարի կարող է Ռուսաստան գալ։ «Հոնկոնգյան» գրիպին մարդկությունը վաղուց է ծանոթ, ասել է Պոպովան: Առաջին բռնկումները նկարագրված են դեռ 19-րդ դարում, իսկ ամենաուժեղ բռնկումը տեղի է ունեցել 1968-69թթ., այն ժամանակ այդ գրիպը բազմաթիվ կյանքեր էր խլել»-հիշեցրել է նա։