ՀՀ առողջապահության նախարարությունը հանրապետության առողջության առաջնային պահպանման օղակի բժշկական հաստատություններին հատկացրել է «Հայաստան-Արցախ» հիմնադրամի կողմից որպես մարդասիրական օգնություն ստացված հակաուռուցքային, հակագերճնշումային, հակախոլեստերինային, աչքի եւ ականջի հակաբորբոքային եւ ցավազրկող կաթիլներ, միզամուղ, Ալցհեյմերի հիվանդության ժամանակ կիրառվող դեղեր, հակաբիոտիկներ, հակավիրուսային, հակախոցային, հակադիաբետիկ, պարկինսոնիզմ հիվանդության ժամանակ կիրառվող դեղեր, ինչպես նաեւ օպտիկական ակնոցներ:
Նշենք, որ մարդասիրական օգնության ճանապարհով ստացվող բոլոր դեղերը պարտադիր անցնում են լաբորատոր փորձաքննություն եւ, միայն դրական արդյունքի դեպքում, թույլատրվում է դրանց ներմուծումը եւ բաշխումը: Ուստի, ՀՀ առողջապահության նախարարությունը երաշխավորում է մարդասիրական օգնության ճանապարհով ստացված իր կողմից բնակչությանը հատկացվող բոլոր դեղերի որակը եւ արդյունավետությունը։
ՀՀ առողջապահության նախարարի 2005 թվականի հունվարի 27-ի թիվ 74-Ն հրամանի 5-րդ կետի համաձայն` մարդասիրական օգնությամբ ստացված դեղերն անվճար տրվում են բոլոր հիվանդներին, ըստ բժշկական ցուցումների` անկախ սոցիալական խմբի պատկանելությունից:






