Երբ Հայաստանում որեւիցէ մեկի մոտ քաղցկեղ է ախտորոշվում, առաջին իսկ հարցը, որը ինքնաբերաբար ծագում է ուղեղում՝ ուր մեկնել բուժվելու՝ գուցե Գերմանիա կամ Իսրայել, կամ մի այլ զարգացած երկիր:
Նույնիսկ եթե նա արտերկրում բուժվելու հնարավորություն չունի, մտածում է՝ ինչպես այն ստեղծել եւ դրա համար ինչ կարելի է վաճառել:
Ինչո՞ւ են շատերը կարծում, որ այլ երկրներում իրենց բուժումն ավելի հաջող եւ արդյունավետ կլինի, քան Հայաստանում: Կարո՞ղ են արդյոք արտասահմանում նրանց այնպիսի բան առաջարկել, որը մեզ մոտ իսկապես չկա: Իրականում ե՞րբ իմաստ ունի այլ երկրները մեկնելը, իսկ ե՞րբ՝ Հայաստանում բուժվելը:
NEWS.amMedicine-ն այս հարցերի շուրջ զրուցել է «Նաիրի» բժշկական կենտրոնի քիմիաթերապիայի բաժանմունքի ղեկավար Լեւոն Բադալյանի հետ:
Ինչո՞ւ է ծագում արտասահմանում բուժվելու ցանկությունը:
Երբ մարդը բուժվում է կյանքին վտանգ չսպառնացող հիվանդության դեմ, նա գիտի, որ եթե ցանկալի արդյունքի չհասնի, ապա կարող է դիմել մեկ այլ բժշկի կամ փնտրել բուժման այլ տարբերակներ: Սակայն երբ խոսքը քաղցկեղի բուժմանն է վերաբերում, մարդը հասկանում է, որ երկրորդ հնարավորություն թերեւս չի ունենա, ուստի ցանկանում է անմիջապես բոլոր հնարավոր բուժումներից լավագույնն ստանալ, եւ պատրաստ է ամենինչ դնել խաղաքարտին:
Իսկ ինչո՞ւ է լավագույնը համարում հատկապես արտասահմանում բուժվելը:
Մասնագետի կարծիքով՝ մեր հայրենակիցների մոտ չկա բավարար վստահություն հայաստանի բժշկությանը՝ թե համակարգին եւ թե բժիշկներին: Իսկ այն փաստը, որ պաշտոնյաները եւ հանրահայտ անձիք հաճախ ոչ թե Հայաստանում, այլ արտասահմանում են բուժվում, առավել անվստահություն է սերմանում բնակչության մեջ: Նույնիսկ կլինիկաների ղեկավարները հաճախ ոչ թե իրենց կլինիկաներում են բուժվում, այլ ուրիշ երկրներում:
Այս ամենին տեղեկանալով՝ սովորական քաղաքացին մտածում է, որ ուրիշ երկրներում, հավանաբար, իսկապես ավելի լավ են բուժում, եւ եթե բոլորը մեկնում են դուրս, ապա ինքը եւս պետք է նույնկերպ վարվի: Դրանից զատ, շատերը հույսեր են կրում, թե արտասահմանում նորագույն կատարյալ տեխնոլոգիաներ եւ դեղամիջոցներ կան, որոնք պազապես հրաշքներ են գործում:
Ե՞րբ իմաստ ունի արտասահմանում բուժվելը, եւ ե՞րբ՝ ոչ:
Չարորակ հիվանդությունների գրեթե 70 տոկոսի բուժումը կարելի է Հայաստանում լիարժեք կազմակերպել, եւ այն նույն մակարդակը կունենա եւ նույնքան արդյունավետ կլինի, որքան արտերկրում:
Մասնավորապես, քիմիաթերապիան Հայաստանում այսօր լավ զարգացած է, որը քաղցկեղի բուժման առավել հաճախ կիրառվող մեթոդն է: «Նաիրի» ԲԿ-ում, որտեղ աշխատում է Լեւոն Բադալյանը, քիմիաթերապիան ճիշտ նույնկերպ է անցկացվում, ինչպես Եվրոպայի առաջատար կլինիկաներում, նույն ուղեցույցների, դեղերի եւ դրանց ներարկման մեթոդների կիրառմամբ:
Կանացի օրգանների ուռուցքները, ստամոքսաղիքային համակարգի, միզասեռական համակրգի, ոսկրային համակարգի եւ շատ այլ ուռուցքների բուժումը լավագույն մակարդակով հնարավոր է իրականացնել Հայաստանում՝ դիմելով համապատասխան պրոֆեսիոնալ մասնագետների: Նման դեպքերում անիմաստ է այլ երկրներ մեկնելը՝ կորցնելով թանկարժեք ժամանակը եւ մեծ գումարներ:
Ո՞ր դեպքերում այլ երկրներ մեկնելն իսկապես իմաստ ունի:
Քիչ դեպքերում հիվանդի համար կարող են պահանջվել ախտորոշման կամ բուժման այնպիսի մեթոդներ, որոնք Հայաստանում դեռեւս չեն կիրառվում կամ ոչ կատարյալ են իրականացվում, օրինակ՝ մենք դեռեւս չունենք Պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆիա (PET) հետազոտության սարքավորում (սակայն շուտով կունենանք) եւ ճառագայթային թերապիայի որոշ մեթոդներ, օրինակ՝ այսպես կոչված, Քիբեր նշտար (CyberKnife) կամ Գամա նշտար (GammaKnife): Եթե տվյալ հիվանդության բուժման մեջ անհրաժեշտ է ախտորոշման կամ բուժման նմանատիպ մեթոդի կիրառումը, ապա հիվանդը իսկապես արտասահման մեկնելու կարիք կունենա:
Մի շարք բարդ վիրահատություններ (օրինակ՝ լյարդի մեծածավալ մետաստազների հեռացում, ուղեղի դժվարամատչելի հատվածների ուռուցքների հեռացում, թոքի քաղցկեղի թորակոսկոպիկ եղանակով հեռացում) կատարյալ կարող են կատարել միայն այդ ասպարեզում մեծ փորձ ունեցող խոշորագույն մասնագետները համապատասխան գործիքներով հագեցած կլինիկաներում, եւ այդպիսի վիրահատության համար նույնպես Եվրոպա մեկնելու անհրաժեշտություն կարող է առաջանալ:
Հաճախ արտասահմանում անհրաժեշտ է լինում կազմակերպել ոչ թե ամբողջ բուժումը, այլ դրա մի մասը, օրինակ՝ միայն վիրահատություն կատարել կամ ճառագայթային թերապիայի կուրս անցնել, կամ կոնկրետ մի հետազոտություն անցնել, իսկ բուժման մնացած փուլերը կարելի է հաջողությամբ Հայաստանում կազմակերպել: Այդպիսով, հիվանդը կարող է շատ ժամանակ եւ փող տնտեսել:
Հայաստանում բուժում ստանալու դրական կողմեր էլ կան:
Եվրոպայում բուժվելու փորձ ունեցող շատ հիվանդներ խոստովանում են, որ Հայաստանում մի շարք առավելություններ կան, եւ որ Եվրոպայում ամեն ինչ այնքան էլ իդեալական չէ: Առաջին հերթին նրանք նշում են բժիշկ-հիվանդ հարաբերությունների մեծ տարբերությունը:
Օրինակ, քիմիաթերապիային հաջորդող մի քանի օրերին հիվանդի ինքնազգացողությունը կարող է զգալիորեն վատթարանալ: Արտերկրի կլինիկաներում հաճախ շատ անտարբեր են վերաբերվում քիմիթերապիայի կողմնակի երևույթներին, հիվանդին նախապես ստանդարտ դեղորայքներ են նշանակում սրտխառնոցի և այլ ախտանշանների վերացման համար, բայց եթե դրանք բավարար արդյունավետ չլինեն, եթե մարդը շարունակի տանը կամ հյուրանոցում տանջվել, բժիշկը նրա հետ չի հանդիպի, չի լսի նրա բողոքները: Թեկուզ եւ այն պատճառով, որ բժիշկի մոտ յուրաքանչյուր այցը ոչ փոքր գումար արժե, և այն հնարավոր է միայն օրեր առաջ պայմանավորվածություն ձեռք բերելով բժիշկի քարտուղարի միջոցով. բժիշկի հեռախոսին զանգել, շտապ հարց քննարկել, կամ նրան շտապ հանդիպել գրեթե անհնար է:
Իսկ Հայաստանում բժիշկի եւ հիվանդի միջեւ անմիջական շփման խնդիր չկա, ոչ էլ լեզվային կամ ռասայական խոչընդոտներ գոյություն ունեն, իսկ դա արդյունավետ բուժման կարևորագույն բաղադրիչներից է: Հիվանդների համար շատ կարեւոր է թե առողջական և թե հոգեբանական տեսանկյունից, իրեն պաշտպանված զգալը, հնարավորություն ունենալ ցանկացած ժամանակ գալ բժշկի մոտ կամ նրան զանգահարել: Նա գիտի, որ իրեն կլսեն, կփորձեն օգնել ցանկացած օր, ցանկացած ժամի:
Արժե նաեւ նշել, որ Եվրոպայում կամ Իսրայելում ոչ բոլոր կլինիկաներն են բարեխիղճ եւ ազնվորեն աշխատում. ոմանք պատրաստ են խաբել հուսահատված, բժշկությունից ոչինչ չհասկացող մարդուն՝ նրանից ուղղակի շատ փող կորզելու համար: Մասնավորապես՝ շատ դեպքեր են հայտնի, երբ Իսրայելի կլինիկաներում հիվանդներին թանկարժեք հետազոտություններ եւ միջամտություններ են կատարել, որոնց կարիքը նա բացարձակապես չի ունեցել:
«Մենք հպարտանում ենք մեր բուժման մոտեցումներով և ստացված արդյունքներով եւ համոզված ենք, որ շատ կետերով Եվրոպային նույնիսկ գերազանցում ենք», - նշեց մասնագետը: - «Քանի որ մենք վերցրել ենք Արևմուտքի բժշկությունից լավագույնը եւ գումարել ենք դրան հայկական հոգատարությունը եւ մտքի ճկունությունը»:
Այնուամենայնիվ, ի՞նչ անել:
Այսպիսով, ի՞նչ է պետք անել, եթե քաղցկեղ է ախտորոշվել:
Առավել ճիշտ տարբերակն է առաջին հերթին Հայաստանում լավ մասնագետի դիմել, որը կբացատրի, թե դա ինչ հիվանդություն է եւ բուժման ինչ մեթոդներ կօգնեն կոնկրետ այդ դեպքում: Եթե հիվանդին այնպիսի հետազոտություն կամ բուժում է անհրաժեշտ, որը կարելի է բարձր մակարդակով տեղում կատարել, ապա անիմաստ է այդ ամենի համար այլ երկիր մեկնել եւ մեծ փողեր ծախսել: Իսկ եթե հիվանդին այնպիսի միջամտություն է անհրաժեշտ, որը Հայաստանում նրան չեն կարող իրականացնել, ապա բժիշկն ինքը նրան այդ մասին կհայտնի եւ ճիշտ մասնագիտական խորհուրդ կտա թե ուր դիմել:
«Նաիրի» ԲԿ-ի մասնագետները այսօր սերտորեն համագործակցում են Գերմանիայի և Ֆրանսիայի առաջատար կլինիկաների հետ, եւ անհրաժեշտության դեպքում կազմակերում են բուժման համապատասխան փուլի իրականացումը Եվրոպայում:






