Հայաստանը վերջին տարիներին ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի դեմ պայքարի ոլորտում շատ բանի է հասել, սակայն կան նաեւ խնդիրներ, որոնք լուծում են պահանջում։ Դրանցից կարեւորագույնն այսօր ուշ ախտորոշումն է եւ այն փաստը, որ ՄԻԱՎ վարակակիր միայն մարդկանց կեսը գիտի իր կարգավիճակի մասին։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ասել է առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանը։

Նա նաեւ հիշեցրել է, որ ՄԻԱՎ–ի վաղ ախտորոշումը եւ հակառետրովիրուսային թերապիան ժամանակին սկսելը ՄԻԱՎ վարակակիրներին հնարավորություն են տալիս ապրել նորմալ կյանքով, իսկ նրանց կյանքի տեւողությունը չի տարբերվում միջին վիճակագրական կյանքի տեւողությունից։

Նշենք, որ 1988 թվականից մինչ օրս Հայաստանում ՄԻԱՎ է ախտորոշվել 2482 մարդու մոտ, որոնցից 45-ը 15 տարեկանից երիտասարդ են եղել, իսկ նրանցից 1309 մարդու մոտ ՁԻԱՀ է զարգացել։ Այդ վիճակագրությունը կարող է վկայել այն մասին, որ շատ դեպքերում ՄԻԱՎ վարակն իրոք շատ ուշ է ախտորոշվել, երբ պացիենտի մոտ իմունտիտետի անկման պատճառով առողջական լուրջ խնդիրներ են առաջացել։

Խոսելով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ոլորտում Հայաստանի ձեռքբերումների մասին՝ փոխնախարարը նշեց, որ վերջին տարիներին Հայաստանում ՄԻԱՎ-դրական մայրերը 150 երեխա են ծննդաբերել, եւ նրանցից ոչ մեկը ծնվելիս մորից չի վարակվել: Դրա հետ կապված մի քանի ամիս առաջ ՄԱԿ-ի հաստատությունները Հայաստանին, Բելառուսին եւ Մոլդովային շնորհավորել են մորից պտղին ՄԻԱՎ ինֆեկցիայի եւ սիֆիլիսի փոխանցման վերացման համար:

Դրանից զատ, 2001 թվականից մինչ օրս Հայաստանում չի գրանցվել դոնորական արյան միջոցով ՄԻԱՎ-ի փոխանցման ոչ մի դեպք, որը եւս կարելի է լուրջ ձեռքբերում համարել:

Նշենք, որ այսօր՝ դեկտեմբերի 1-ին, աշխարհում նշվում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը: Օրվա հետ կապված մասնագետները բոլոր մարդկանց կոչ են անում ՄԻԱՎ-ի թեստեր անցնել՝ անկախ նրանց առողջական վիճակից եւ որեւէ տագնապահարույց ախտանշանի առկայությունից:

Երեւանում այսօր կարելի է ՄԻԱՎ ինֆեկցիայի անվճար ստուգում անցնել՝ շարժական կլինիկան Հյուսիսային պողոտայում՝ մինչեւ ժամը 20.00 կանցկացնի բոլոր ցանկացողների թեստավորում: