2010 թվականին ներարկվող թմրանյութեր օգտագործող հայերի 10,7 տոկոսը ՄԻԱՎ ինֆեկցիայիով էր հիվանդ, իսկ 2016-ին այս խմբում հիվանդության տարածվածությունը նվազել է մինչեւ 0,5 տոկոս: Այս մասին լրագրողներին հայտնեց ՁԻԱՀ-ի կանխարգելման հայկական կենտրոնի ղեկավար Սամվել Գրիգորյանը:
«Իրական աշխարհ, իրական մարդիկ» հասարակական կազմակերպության փորձագետ Հովհաննես Մադոյանը, սակայն, այդ խմբում հիվանդացության նվազումը չի համարում արդյունավետ կանխարգելիչ աշխատանքների արդյունք. նրա կարծիքով՝ թմրանյութեր օգտագործող մարդկանց շրջանում ՄԻԱՎ ինֆեկցիան հիմա հազվադեպ է գրանցվում, քանի որ երկրում փոխվել է թմրանյութերի օգտագործման «մշակույթը», եւ իհարկե՝ ոչ դրական ուղղությամբ: Փորձագետը նշեց, որ վերջին տարիներին ավելի մեծ թվով մարդիկ օգտագործում են ոչ թե «մաքուր» թմրանյութեր, այլ դեզոմորֆին, որը ժողովուրդը «բենզին» է կոչում. դա տնային պայմաններում պատրաստվող թմրանյութ է, որը, ինչպես հայտնի է, մարդու օրգանիզմի համար թունավոր է. «բենզին» ներարկվող մարդկանց կյանքի միջին տեւողությունը 6 ամսից մինչեւ 2 տարի է:
Հարկ է նշել, որ որոշ մարդիկ ՄԻԱՎ ինֆեկցիայով են վարակվում թմրանյութի առաջին իսկ ներարկման ժամանակ (միեւնույն է՝ ինչպիսի, եթե ոչ ստերիլ ներարկիչից են օգտվել), մյուսներն ունեն բազմամյա ստաժ, բայց զգուշություն են պահպանում եւ երբեք ոչ մի բանով չեն վարակվում: Սակայն կարծիք կա, որ թմրանյութերի օգտագործման հետեւանքով վարակված ՄԻԱՎ վարակակիրների մեծամասնությունը միջինը 5-6 տարվա «ստաժ» է ունեցել:
Մադոյանը նշեց, որ Հայաստանի դեպքում «բենզինի» մեծ տարածվածության պատճառով թմրամոլների մեծ մասը պարզապես չի ապրում մինչեւ այն պահը, երբ նրանց մոտ կարող է ՄԻԱՎ ախտորոշվել. նրանք մահանում են դեզոմորֆին օգտագործել սկսելուց հետո մի քանի ամիս անց:
Հովհաննես Մադոյանը նաեւ նշեց, որ համաշխարհային ստանդարտների համաձայն՝ թմրանյութեր օգտագործող մարդկանց շրջանում ՄԻԱՎ-ով հիվանդացածությունն իսկապես նվազեցնելու համար անհրաժեշտ է, որպեսզի կանխարգելիչ ծրագրերը ընդգրկեն այդ խմբի մարդկանց նվազագույնը 60 տոկոսին: Մինչդեռ Հայաստանում դա չի արվում: Դրանից զատ, համարվում է, որ մեթադոնի կիրառմամբ փոխարինող բուժումը պետք է ներառի ներարկվող թմրանյութեր օգտագործող մարդկանց նվազագույնը 20 տոկոսին, սակայն Հայաստանում այս ծրագրի մեջ է մտնում միայն 3-4 տոկոսը:
Նշենք, որ Հայաստանում վերջին տարիներին ՄԻԱՎ ինֆեկցիայով հիվանդացության նվազում է գրանցվել նաեւ ռիսկի մյուս խմբերում. եթե 2010 թվականին սեքս բիզնեսի մեջ ներգրավված տղամարդկանց 2,3 եւ կանանց 1,2 տոկոսի մոտ ՄԻԱՎ ինֆեկցիա է եղել, ապա 2016 թվականին այդ խմբերում տարածվածությունը նվազել է համապատասխանաբար՝ մինչեւ 0,8 եւ 0,1 տոկոս:






