Վերջին երկու ամիսների ընթացքում «Էրեբունի» բժշկական կենտրոնում անցկացվել են տարբեր օրգանների մի շարք էնդովասկուլյար (ներանոթային) միջամտություններ: «Էրեբունի» կլինիկան համանման վիրահատությունների ասպարեզում առաջատարներից մեկն է համարվում, եւ անհրաժեշտ է նշել, որ արգանդի, հեմանգիոմայի, շագանակագեղձի գերաճի զարկերակների էմբոլիզացիան դարձել է էնդովասկուլյար վիրաբույժների, մասնավորապես Արսեն Ծատուրյանի պրակտիկ գործունեության անբաժանելի մասը:
2014 թվականին «Էրեբունի» բժշկական կենտրոնում առաջին անգամ անցկացվել է հիվանդ Գ. Օ.-ի արգանդի զարկերակների էմբոլիզացիա՝ նրա արգանդում միոմայի առկայությամբ պայմանավորված (հիվանդի մոտ ախտորոշվել էր արյունահոսությամբ ուղեկցվող մեծ սուբմուկոզային միոմա եւ լյարդի հսկա հեմանգիոմա): Հետվիրահատական ուշ շրջանում համակարգչային տոմոգրաֆիայի վերջին հետազոտությամբ հիվանդի մոտ միոմա չէր հայտնաբերվել:
Երկու տարի հետո հիվանդը դիմել է լյարդի հսկա հեմանգիոմայի էնդովասկուլյար բուժման համար: 2016 թվականի նոյեմբերի 13-ին 1961 թվականին ծնված Գ. Օ.-ին այս անգամ կատարվել է հեմանգիոման սնուցող բոլոր զարկերակների էմբոլիզացիա: Վիրահատությունը հաջող է ընթացել, եւ հիվանդը երրորդ օրը դուրս է գրվել:
Եվս երկու հիվանդներ՝ 1957 թվականին ծնված Վ. Ա.-ն եւ 1967 թվականին ծնված Ս. Գ.-ն «Էրեբունի» ԲԿ են ընդունվել հեմանգիոման սնուցող զարկերակների էմբոլիզացիա կատարելու համար: Ինչպես առաջին դեպքում, վիրահատություններն արդյունավետ էին եւ հաջող ընթացք են ունեցել:
49 տարեկան Ա. Գ.-ն 2016-ի մարտի 19-ին ենթարկվել է հեմանգիոմայի էմբոլիզացիայի վիրահատության: Գոյացության նախնական չափը 21,2х17,1х9,7 սմ էր։
Վեց ամիս հետո չափերը փոքրացան գրեթե 50 տոկոսով՝ 10х9х6 սմ: Կարեւոր է նշել, որ ուռուցքի չափերի փոքրանալը նկատելի է դառնում միայն մի քանի ամիս հետո:
Լյարդի մեծ հեմանգիոմաները վտանգավոր են, քանի որ կարող են ինքնաբուխ կամ վնասվածքի հետեւանքով պայթել, ինչը սովորաբար հանգեցնում է ծավալուն ներքին արյունահոսության: Էմբոլիզացիայի դեպքում այս վտանգը միանգամայն վերանում է կամ հեմանգիոմայի չափերը զգալիորեն փոքրանում են, ինչը հիվանդի կենսագործունեությանը չի խանգարում:
Հիվանդներ՝ 1977 թվականին ծնված Բ. Ա.-ն եւ 1983 թվականին ծնված Տ. Լ.-ն «Էրեբունի» ԲԿ են ընդունվել արգանդի միոմայի խնդրով՝ արգանդի զարկերակների էմբոլիզացիա կատարելու համար:
Արգանդի զարկերակների էմբոլիզացիան արգանդի միոմայի արմատական, սակայն նվազագույն ինվազիվ ներանոթային բուժման մեթոդ է, որն օգնում է խնդրից ձերբազատվել՝ օրգանը պահպանելով: Համանման վիրահատությունները էնդովասկուլյար բժիշկների պրակտիկայում արդեն սովորական են դարձել եւ միանգամայն արդյունավետ են:
Վերջերս «Էրեբունի» ԲԿ-ում Հայաստանում առաջին անգամ շագանակագեղձի զարկերակների էմբոլիզացիայի էնդովասկուլյար միջամտություններ անցկացվեցին՝ շագանակագեղձի բարորակ գերաճի (ադենոմա) դեպքում, որոնք եւս իրենց կայուն տեղն են գրավել կլինիկայի սովորական պրակտիկայում: Վերջին ամսվա ընթացքում կատարվել է այդպիսի 4 վիրահատություն՝ միանգամայն արդյունավետ արդյունքներով, ուռոֆլոչափական ցուցանիշների վաղ բարելավմամբ, իսկ քրոնիկական միզակապությամբ տառապող հիվանդներն ազատվել են կատթետերից: Ի տարբերություն վիրատահական միջամտության՝ շագանակագեղձի գերաճի զարկերակների էմբոլիզացիան թույլ է տալիս խուսափել անզգայացման, արնահոսության ռիսկից, վիրահատական տրավմայից, մեծաթիվ հակացուցումներից եւ հետվիրահատական բարդացումներից, ինչպես նաեւ վերարտադրողական ֆունկցիայից եւ իմպոտենցիայից:
2016-ի նոյեմբերի 21-ին 48-ամյա Խ. Ա.-ն «Էրեբունի» ԲԿ է ընդունվել ձախ քներակի սելեկտիվ անգիոգրաֆիա կատարելու համար: Մինչ այդ մեկ այլ կլինիկայում չարորակ գոյացության պատճառով կատարվել էր հիվանդի լեզվի հատում: Դրանից հետո նա պարանոցի շրջանում ճառագայթային բուժում էր ստանում: Մի քանի սեանսից հետո վզի ձախ կողմում անսպասելի ուռուցք է առաջացել, որը սեղմել է շնչափողին: Կատարվել է գոյացության պունկցիա: ՀՏ-անգիոգրաֆիայով հիվանդի մոտ կասկածել են ձախ քներակի պատերի հնարավոր պերֆորացիա, որը կարող էր ճառագայթային բուժման կամ անոթի պատին ուռուցքի աճի հետեւանք լինել: Հիվանդի մոտ վերջին մի քանի օրերի ընթացքում պունկցիայի անցքից արյունահոսություն էր սկսվել, որի պատճառով նա դիմել էր «Էրեբունի» ԲԿ՝ խնդրի էնդովասկուլյար լուծման նպատակով:
2016-ի նոյեմբերի 21-ին Խ. Ա.-ին կատարվեց պարանոցի զարկերակների սելեկտիվ անգիոգրաֆիա: Ձախ արտաքին քներակի կաթետերիզացիայի ժամանակ արատի տեղից արյունահոսություն սկսվեց, որն ակնթարթորեն փակվեց ներանոթային գրաֆտ-ստենտով, իսկ արտաքին քներակի ճյուղերը էմբոլիզացվեցին գալարով, քանի որ ճյուղերի պատերը ձեւախախտված էին եւ կարծրացած (հնարավոր է՝ ճառագայթային բուժման հետեւանքով):
Արյունահոսությունը դադարեցվեց: Հետվիրահատական շրջանը հարթ էր անցնում, եւ հիվանդը երկրորդ օրը դուրս գրվեց
Հարկ է նշել, որ տարբեր օրգանների հիվանդությունների դեպքում անոթների այսպիսի էնդովասկուլյար վիրահատությունները Հայաստանում կատարվում են միայն «Էրեբունի» ԲԿ-ում՝ հատուկ սարքավորման, մասնագետների, գիտելիքների, փորձի, հմտությունների եւ պրոֆեսիոնալիզմի առկայությամբ, ինչով եւ ապահովվում է դրանց բարձր արդյունավետությունը: Համանման վիրահատական միջամտության էությունը մեծ խնդրի արմատական լուծումն է քիչ ինվազիվ մեթոդով՝ առանց նարկոզի, առանց հետվիրահատական վերքի եւ վերականգնողական երկարատեւ ժամանակաշրջանի, այդ թվում՝ նույնիսկ ամենածանր հիվանդների դեպքում, որոնց համար վիրաբուժական բաց միջամտությունները մեծ վտանգ են ներկայացնում եւ հաճախ հակացուցված են:






