Պոլիկլինիկաները վճարունակ խավի համար վճարովի դարձնելու առաջարկը նույնիսկ նախագիծ չի դարձել, եւ դա դեռ քննարկման փուլում է։ Այս մասին ասել է առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը՝ դեկտեմբերի 6-ին «Ազատություն» ռադիոկայանի ֆեսյբուքյան ասուլիսի ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե որն է վճարունակ խավի համար սահմանված շեմը։
«Որպես առաջարկ հնչեցվել էր 250 000 դրամ մեկ շնչին հասնող եկամուտը։ Այդ է շեմը, որից հետո ընտանիքը համարվում է վճարունակ։ Այսինքն, 4 անձից բաղկացած ընտանիքը առնվազն պետք է եկամուտ ունենա 1 մլն դրամից ոչ պակաս», – պարզաբանեց Լեհոն Ալթունյանը։
Խոսելով պոլիկլինիկաների անմխիթար վիճակից՝ նա նշեց, որ անցած 10 տարիների ընթացքում արդիականացվել եւ վերանորոգվել են մարզերի գրեթե բոլոր ամբուլատոր հաստատությունները։ «Եկել է հերթը Երեւանի, եւ ես հույս ունեմ, որ մոտակա 5-7 տարվա ընթացքում Երեւանը եւս կվերազինվի նոր եւ արդիականացված պոլիկլինիկաներով», – ասաց նախարարը։






