Հոգեկան հիվանդությամբ տառապող 100 շահառուների «զիպրեկսա» հոգեմետ դեղով ապահովելու պետական ծրագրի ճակատագիրը դեռ մինչեւ վերջ պարզ չէ, այն հիմա որոշվում է, բայց մենք այդ հարցում առաջնորդվելու ենք ոչ միայն որակյալ բուժում ապահովելու սկզբունքով, այլեւ սոցիալական արդարության։ Այս մասին ասել է առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը՝ դեկտեմբերի 6-ին «Ազատություն» ռադիոկայանի ֆեսյբուքյան ասուլիսի ժամանակ, պատասխանելով «Հոգեկան առողջության վերականգման հայկական ասոցիացիա»–ի այն հարցին, թե արդյոք ծրագիրը շարունակելն ավելի ձեռնտու չէ, քան ծրագրի շահառուներին պետական միջոցներով հոգեբուժարաններում պահելը։
«Ծրագրի ճակատագիրը հիմա որոշվում է, դեռ պարզ չէ մինչեւ վերջ։ Մենք կուղորդվենք երկու սկզբունքով՝ մի կողմից լավագույն բուժում տրամադրելու, մյուս, որ, ոչ պակաս կարեւոր է, սոցիալական արդարության սկզբունքով», – ասել է նախարարը։
Նա պարզաբանել է, որ այսօր հոգեմետ դեղերի եւ հոգեբուժական ծախսերի ուղղությամբ պետությունը մոտավորապես ծախսում է 460 000 դրամ մեկ հիվանդի հաշվարկով։ Միեւնույն ժամանակ քաղցկեղով հիվանդների համար ծախսվում է 106 000 դրամ մեկ հիվանդի հաշվարկով։
«Նախարարությունում գտել են, որ դա այնքան էլ արդար չէ։ 100 հիվանդի առողջությունը շատ մեծ նշանակություն ունի, բայց եթե թանկարժեք «զիպրեկսան», որի մեկ հաբը արժի 10 դոլար, հնարավոր է փոխարինել հունգարական ոչ պակաս դեղորայքով, եւ այդ ոչ պակասությունը վավերացնում են համաշխարհային անուն ունեցող հոգեբույժները, մենք փոխարինում ենք դա», – ասել է նախարարը։






