Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը չի հերքում, որ պետպատվերի շրջանակում փոխհատուցվող դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների գների նվազեցումը հանգեցրել է նրան, որ այն կենտրոնները, որոնք միայն նմանատիպ ծառայություններ են մատուցում, հայտնվել են մրցակցային ոչ հավասար պայմաններում։ Դեկտեմբերի 6-ին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ նա նշել է, որ դա հնարավոր է, քանի որ գները իջեցնելու գաղափարը ծնվել է նախարարությունում, պրովայդերները «չեն խնդրել» դրա մասին։

«Շուկայական հարաբերությունների ներքո նախարարությունը առաջարկել է, եւ պրովայդերները, բացառությամբ մեկի, համաձայնվել են», – նշել է նա։

Խոսելով այդ ծառայությունների մասով իրեն պատկանող «Վարդանանց» բուժկենտրոնին տրամադրված 24 մլն դրամի մասին, որը հետագայում աղմուկից հետո իջեցվել է մինչեւ 4 մլն դրամ, նա ասել է. «Ընդհանուր առմամբ բաշխվել է մոտավորապես 4 մլրդ դրամ։ «Վարդանանց» ԲԿ–ին ուղղվել է 20 մլն դրամ։ Անցյալ տարի, երբ որ «Վարդանանցը» ոչ մեկին հայտնի չէր, «Վարդանանցին» ուղղվել էր 16 մլն դրամ։ Այսինքն գումարն այս տարի աճել էր 18-20 տոկոսով։ Հաշվի առնելով որ «Վարդանանցում» հիմնականում բուժվում են ապահովագրված մարդիկ, եւ պետպատվերով հաճախորդները այնքան էլ հաճախ չեն դիմում դժվարամատչելի ծառայությունների համար, տնօրենը դիմեց այն բանով, որ ինքը չի հասցնի օգտագործել այդ գումարը։ Հոկտեմբերից մինչեւ դեկտեմբեր «Վարդանանցը» կօգտագործի 4 մլն դրամ»։

Նշենք, որ պետպատվերի շրջանակում փոխհատուցվող դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների գների նվազեցումը դժգոհություն է առաջացրել այդ ծառայությունները մատուցող բուժհիմնարկներում։ Ասում են, որ այդ իջեցումն արվել է սովետական «դոբրովոլնո–պրինուդիտելնի» ոճով, ուղղակի բուժհիմնարկների ղեկավարները համաձայնել են, որպեսզի չզրկվեն այլ ծառայությունների մասով պետպատվերից։ Եվ եթե մեծ բուժհաստատությունները այդ մասով պակասող գումարները կարող են կոմպենսացնել այլ ծառայությունների դիմաց ստացվող միջոցներով, ապա այն կենտրոնները, որոնք միայն նմանատիպ ծառայություններ են մատուցում, հայտնվել են մրցակցային ոչ հավասար պայմաններում։