ԱՄՆ Սենատը Ներկայացուցիչների պալատից հետո աջակցել է եւ ստորագրելու համար նախագահ Բարաք Օբամային ուղարկել օրինագիծը, որով 6,3 մլրդ դոլարի ֆինանսավորում է նախատեսվում առաջիկա տասնամյակի ընթացքում առողջապահության ոլորտում իրականացվող հետազոտությունների համար:

Օրինագծով ծավալուն հետազոտություններ են ծրագրվում՝ ուղղված ուռուցքային հիվանդությունների եւ թմրակախվածության բուժման նոր ուղիների որոնմանը: Մասնավորապես՝ ուռուցքաբանության ասպարեզում հետազոտությունների համար հատկացվել է 1.8 մլրդ դոլար: Օրինագիծն առաջարկել է փոխնախագահ եւ ի պաշտոնե Սենատի նախագահ Ջո Բայդենը, որի որդին՝ Բոն, անցյալ տարի մահացել է քաղցկեղից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Օրենքի ընդունումը կդառնա 114-րդ գումարման Կոնգրեսի վերջին գործողություններից մեկը: