2017 թվականից Հայաստանում հաշմանդամություն սահմանելու գործընթացում կիրառվելու է նոր գործիքակազմ, որն իր մեջ ներառում է բարեփոխումների նոր մոդելներ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը:
«Կառավարությունը արդեն նախաձեռնել է, եւ 2017 թվականից քայլեր են ձեռնարկվելու ֆունկցիոնալության միջազգային դասակարգման ուղղությամբ, ինչի արդյունքում արդեն ներդրվել է անհրաժեշտ գործիքակազմը»,- ասաց Արմեն Սողոյանը:
Ըստ Սողոյանի՝ 2017 թվականից կիրառվելու է նոր մոդել, որը հնարավորություն կտա պետպատվերի շրջանակում բուժօգնություն ստանալ ոչ միայն հաշմանդամության կարգ ստացած քաղաքացիներին, այլ նաեւ հետազոտված եւ կարգ չստացած քաղաքացիներին:
«Հիմա արդեն նրանք, ովքեր հաշմանդամ չեն ճանաչվի, կգնահատվեն նրանց իրական կարիքներրը, եւ ըստ կարիքների՝ նրանք պետպատվերի շրջանակում կստանան բուժօգնություն, ինչը հնարավորություն կտա, որ հիվանդությունը չծանրանա, եւ նրանք հետագայում հաշմանդամ չդառնան»,- ներկայացրեց Սողոյանը:
Սողոյանը մեկնաբանեց, որ նոր գործիքակազմը քաղաքացիներին հնարավորություն կտա հետազոտության գնալ իրենց նախընտրած բժշկի հետ, ինչը կբացառի հետազոտվողների դժգոհությունը եւ անվստահությունը:
«Ցանկացած քաղաքացի կարող է բժշկական քննության բերել իր ուզած բժիշկ-մասնագետին, որպեսզի եթե իրեն թվում է, թե կարող է իր նկատմամբ անարդար որոշում կայացվել, իր իմացած մասնագետը կարողանա ներկայացնել, որ իրականում որեւէ անարդար որոշում չի կայացվել»,- ասաց նա:
Սողոյանը նշեց, որ քայլեր են ձեռնարկվում նաեւ հաշմանդամների՝ միջավայրին հարմարվելու եւ ինտեգրվելու գործընթացը հեշտացնելու շրջանակում: Գործելու է աշխատավայրի հարմարեցման ծրագիր, որով հաշմանդամների համար իրենց աշխատավայրում պետք է ստեղծվեն բոլոր անհրաժեշտ հարմարությունները նրանց լիարժեք գործունեության համար:
«Մեր մասնագետները գնում գնահատում են, թե ինչ հարմարություն պետք է ապահովվի, պետությունը գումարը տրամադրում է գործատուին անհատույց, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձը կարողանա լիարժեք, մյուսների նման աշխատել»,- ներկայացրեց Սողոյանը:
Նա նաեւ ավելացրեց, որ նոր ծրագրով 40-ի չափ հաշմանդամների գնահատման հարցեր են դիտվելու:






