Տեխնոլոգիական հետազոտական ազգային համալսարանի Մոսկվայի պողպատի եւ համաձուլվածքների ինստիտուտի (Ռուսաստան, Մոսկվա) եւ Թեզփուրի (Հնդկաստան) համալսարանի հետազոտողները կոբրայի թույնից ստացվող ալֆա-նեյրոտոքսինների եւ կիսահարդիչային նանոմասնիկներ հիմքով պատրաստուկ են ստեղծել, որի օգնությամբ կարելի է արդյունավետորեն հայտնաբերել  օրգանիզմում քաղցկեղային ուռուցքի սահմանները: Այս մասին հայտնել է ռուսական բուհի մամուլի ծառայությունը:

Օնկոլոգիական հիվանդությունների վաղ եւ ճշգրիտ ախտորոշումը կենսաբժշկական հետազոտությունների ամենակարեւոր ուղղություններից մեկն է: Չարորակ նորագոյացությունների վիրաբուժական արդյունավետ հեռացման համար բժիշկների համար շատ կարեւոր է վիրահատվող մարզի սահմանները պարզելը:

Մոսկվայի պողպատի եւ համաձուլվածքների ինստիտուտի մասնագետները մշակել են, իսկ նրանց հնդիկ գործընկերները հետազոտել են հիբրիդային միացության (կոնյուգատի) կենսաբանական հատկությունները, որը կազմված է տարբեր հատկություններով երկու մոլեկուլներից՝ թաիլանդական կոբրայի թույնից ստացված ալֆա-նեյրոտոքսիններից եւ կադմիում սելենիդի կիսահաղորդչային լուսարձակող քվանտային նանոմասնիկներից (այսպես կոչված՝ քվանտային կետերից): Այդ կոնյուգատները կարող են օգտագործվել մի շարք օնկոլոգիական նորագոյացությունների ախտորոշման նպատակով բժշկական թեստային համակարգերի ստեղծման համար:

Ուռուցքները տեսանելի դարձնելու համար գիտնականները որոշել են օգտագործել տոքսինների եզակի հատկությունը՝ հիվանդության որոշակի «մարկերի» հետ ընտրովի փոխազդեցությունը: Ալֆա-նեյրոտոքսինների կենսաբանական «թիրախն» են նիկոտինային խոլինոռեցեպտորները: Սրանք սպիտակուցների յուրահատուկ խմբեր են, որոնք քաղցկեղային ուռուցքի բջիջները (օրինակ՝ թոքերի մանրբջջային քաղցկեղի կամ կաթնագեղձերի քաղցկեղի) արտադրում են պաթոլոգիական մեծ քանակով: Առողջ օրգանիզմում խոլինոռեցեպտորները մասնակցում են նյարդային ազդակի փոխանցմանը:

«Նեյրոտոքսին-քվանտային կետ» զուգակցումը արյան հոսքով հասնում է վնասված օրգան եւ նանոմասնիկների վառ լուսարձակման շնորհիվ նշում է ուռուցքի ամբողջ գոտին: Դրանք կարող են լուսարձակել աչքի համար անտեսանելի ուլտրամանուշակագույն լույսի ճառագայթման ժամանակ:

Հաղորդագրության մեջ նշված է, որ ստացված ախտորոշող պատրաստուկը մի ամբողջ շարք պարամետրերով գերազանցում է նախկինում ստեղծված նմաօրինակները: Դրանից զատ, այն կարելի է օգտագործել որպես հասցեական բուժման միջոց, եթե կոնյուգատի մոլեկուլին միացվեն նաեւ դեղամիջոցներ: