Նոր հետազոտությամբ պարզվել է, որ առավել հավանական է, որ թիկունքում ցավեր ունեցող մարդկանց շրջանում առաջանան հոգեկան առողջության հետ կապված մի շարք խնդիրներ: Այս կապի մասին իմանալով՝ բժիշկները կարող են բուժման ավելի հաջող պլան մշակել: Հետազոտության արդյունքները հրապարակվել են General Hospital Psychiatry գիտական ամսագրում:
Միացյալ Թագավորության Անգլիա Ռասկին համալսարանի գիտնականները հետազոտել են 43 երկրների 18 տարեկանից սկսած 190,595 մարդու տվյալները, որոնցից 19 երկրներում եղել է եկամտի ցածր մակարդակ, իսկ 24-ում՝ միջին մակարդակ:
Ընդհանուր առմամբ, եկամտի ցածր մակարդակով երկրներում թիկունքի ցավն ազդում է բնակչության 35,1 տոկոսի վրա, իսկ 6,9 տոկոսը հայտնել է թիկունքում քրոնիկական ցավերի մասին: Թիկունքում ցավի ամենացածր մակարդակը Չինաստանի բնակչության շրջանում է, որը կազմում է 13,7 տոկոս: Նեպալում ամենամեծ թվով մարդիկ են հայտնել թիկունքի ցավերի մասին՝ 57,1 տոկոս:
Անկետային տվյալների վերլուծությամբ պարզվել է, որ թիկունքում ցավեր ունեցող մարդկանց շրջանում 2 անգամ ավելի հաճախ են գրանցվում տագնապի, դեպրեսիայի, փսիխոզի, սթրեսի եւ քնի խանգարման ախատանիշեր: Թիկունքի քրոնիկական ցավերով մարդիկ 3 անգամ ավելի հաճախ են տառապում դեպրեսիոն դրվագներով եւ 2,6 անգամ ավելի հաճախ՝ փսիխոզով:
Ուշագրավ է, որ նույնպիսի արդյունքներ են գրանցվել 43 երկրների բոլոր մարդկանց շրջանում՝ անկախ սոցիալ-տնտեսական սանդղակում նրանց դիրքից:
«Մեր տվյալները ցույց են տալիս, որ թիկունքի ցավերը կապված են դեպրեսիայի, փսիխոզի, անհանգստության, սթրեսի եւ քնի խանգարման մեծացող հավանականության հետ: Սա վկայում է, որ թիկունքի ցավերը հոգեկան առողջության համար կարեւոր հետեւանքներ ունեն, որոնք ներգործում են հիվանդի առողջանալու վրա: Սրա ճշգրիտ պատճառները դեռ պետք է պարզվեն»,- ասել է բժիշկ Բրենդոն Սթաբսը:
Գիտնականները կարծում են, որ այս խնդիրների միջեւ կապի մասին ավելին պարզելու եւ բուժման արդյունավետ մեթոդներ ստեղծելու համար հետագա հոտազոտություններ են անհրաժեշտ:






