Հայաստանում բժշկական ուղեցույցների ներդրումը կօգնի լավագույն պաշտպանություն ապահովել եւ՛ բժիշկների, եւ՛ նրանց պացիենտների համար: Լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Երիտասարդ բժիշկների հայկական աոցիացիայի ղեկավար, ուռոլոգ Գեւորգ Գրիգորյանը:
Այսօր հաճախ ենք լսում «բժշկական սխալների» մասին խոսակցություններ, սակայն, մասնագետի խոսքով, աշխարհում այդպիսի հասկացություն չկա. կան «բարեխիղճ մոլորություն» եւ «անփութություն» հասկացությունները: Առաջինը հանցագործություն չի համարվում եւ չի կարող համարվել, քանի որ բուժման ընթացքում երբեմն բարդություններ են առաջանում, որոնք բժշկից կախված չեն: Ինչ վերաբերում է անփութությանը, դրա ըմբռնման եւ գնահատման համար կլինիկական ուղեցույցներ են պահանջվում. եթե բժիշկն ամեն ինչ արել է ուղեցույցներից չշեղվելով, ապա անբարենպաստ ելքի համար նա չի կարող մեղավոր լինել, եւ նրան չի կարելի անփութության մեջ մեղադրել, իսկ եթե նա չի գործել ըստ ուղեցույցների, եւ նրա գործողությունները հանգեցրել են անբարենպաստ ելքի, այստեղ, բնականաբար, խոսքն արդեն անփութության մասին կարող է լինել:
Կլինիկական ուղեցույցները փաստաթղթեր են, որոնք նկարագրում են անհրաժեշտ գործողությունները, որոնք մասնագետները պետք է կատարեն տարբեր հիվանդությունների ախտորոշման եւ բուժման ժամանակ: Այսօր Հայաստանում այդպիսի ուղեցույցներ են կիրառվում միայն փոքրաթիվ կլնիկաներում կամ որոշ մասնագիտությունների բժիշկների կողմից, սակայն ոչ բոլորի: Եթե Հայաստանում ամենուրեք այդպիսի ուղեցույցներ ներդրվեն, դա հիվանդներին կպաշտպանի ավելորդ հետազոտություններից եւ սխալ բուժումներից. այն ամենը, ինչ նրանց կնշանակվի, հիմնված կլինի ապացուցողական բժշկության վրա: Իր հերթին բժիշկը եւս անփութության մեղադրանքներից ավելի լավ պաշտպանված կլինի, եթե ուղեցույցներին հետեւի:
Գեւորգ Գրիգորյանի կարծիքով՝ Հայաստանում բժշկական ուղեցույցների ներդրումից հետո անհրաժեշտ կլինի ներդնել նաեւ բժշկական օմբուդսմենի ինստիտուտը (որը եւ՛ բժիշկներին, եւ՛ հիվանդներին կպաշտպանի ուղեցույցների շրջանակներից դուրս եկող բոլոր դեպքերում) եւ այսպես կոչված՝ բժշկական ռիսկերի ապահովագրությունը:






