ՀՀ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի ռեֆերենս լաբորատորիայում միջազգային փորձագետների մասնակցությամբ ընթանում  է Հակամանրէային կայունության (ՀՄԿ) ‹‹Սկզբունքի ապացուցում›› հետազոտության վերաբերյալ եռօրյա դասընթացը:  ՀՀ առողջապահության նախարարությունն այն կազմակերպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Նիդերլանդների հանրային առողջապահության եւ շրջակա միջավայրի ինստիտուտի, ինչպես նաեւ՝ Անգլիայի հանրային առողջության ինստիտուտի հետ համատեղ:

Դասընթացին մասնակցում են տարբեր բուժհաստատությունների համաճարակաբաններ, կլինիկական մասնագետներ, մանրէաբաններ, բուժքույրեր:

Ողջունելով մասնակիցներին` ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը նշել է, որ այս դասընթացն ապացույցն է այն բանի, որ մենք փոքր փորձերից անցում ենք կատարում դեպի մեծ քայլեր: «Հաջորդիվ կա հակաբիոտիկների կայունության վերաբերյալ տվյալների հավաքագրման եւ վերլուծության անհրաժեշտություն: Ստացված արդյունքները միտված են դաշտը բարելավելուն, առավել անվտանգ դեղաքաղաքականություն իրականացնելուն»,-ասել է փոխնախարարը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Եգոր Զայցեւը շեշտել է, որ հակաբիոտիկների պատշաճ կիրառությանն ուղղված աշխատանքը Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ Հայաստանի հանրապետության առողջապահության նախարարության համագործակցության հիմնական ուղղություններից մեկն է, իսկ բավարար արդյունքներ ապահովելու համար կան անհրաժեշտ ռեսուրսներ:

Նիդերլանդների  Հանրային առողջապահության եւ շրջակա միջավայրի ինստիտուտի  Վարակիչ հիվանդությունների հսկողության կենտրոնի  բժշկական համաճարակաբան Չալինգ Լենստրան անդրադարձել է հակամանրէային կայունության սպառնալիքին, «Սկզբունքի ապացուցում» հետազոտության նպատակներին եւ այլ հիմնախնդիրներին:

Անգլիայի հանրային առողջապահության ծառայության Վարակիչ հիվանդությունների ազգային ծառայության, ՀՄԿ եւ բուժօգնության միջամտությունների հետ կապված վարակների հետազոտությունների եւ ռեֆերենտային կենտրոնի ԱՀԿ համագործակցողՆանդինի Շեթին  ներկայացրել է հակամանրէային միջոցների վերահսկումը եւ հիվանդանոցներում բազմադիսցիպլինար  թիմային մոտեցման կարեւորությունը, ինչպես նաեւ վարակի կանխարգելման եւ հսկողության սկզբունքները: Նիդերլանդների  Հանրային առողջապահության եւ շրջակա միջավայրի ինստիտուտի Վարակիչ հիվանդությունների հսկողության կենտրոնի  բժշկական համաճարակաբան Ինգե Վագենարը  ներկայացրեց հիվանդանոցներում տվյալների հավաքագրման սկզբունքները: 

Դասախոսությունների ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեն լսելու միջազգային փորձագետներին, վերլուծելու կոնկրետ դեպքեր, հստակ հարցադրումներով դիմելու միմյանց:

Նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ Նիդերլանդների  հանրային առողջապահության եւ շրջակա միջավայրի ինստիտուտի աջակցությամբ  2017 թվականին Երեւանի 4 բժշկական կազմակերպությունում իրականացվելու է «Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության պլանային ախտորոշիչ համաճարակաբանական հսկողության մեխանիզմների ապացուցման» հետազոտություն: Հետազոտության ընթացքում ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ-ի լաբորատորիայի ռեֆերենս մասնաճյուղը գործելու է որպես ռեֆերենս լաբորատորիա: