Ընդունված է, որ վիժումից հետո պետք է 3-ից մինչեւ 6 ամիս սպասել մինչ կրկին հղիանալ փորձելը: Սակայն եթե այս կանոնին չհետեւեն եւ չհետաձգեն հաջորդ հղիությունը, դա մոր կամ երեխայի առողջության համար վտանգի աճի չի հանգեցնի: Այս մասին են վկայում 10 հետազոտությունների վերլուծության արդյունքները, որը կատարել են Աբերդինի համալսարանի գիտնականները:
Գիտնականների խոսքով՝ երբեմն վտանգներն անգամ նվազեցված են, եթե երեխայի բեղմնավորումն ավելի վաղ է նախաձեռնվում, քան վիժումից հետո 6 ամիս անց: Այսպես՝ եւս մեկ վիժման ցուցանիշները կազմել են նվազագույնը կես տարի սպասելու դեպքում դիտարկված ցուցանիշների 82 տոկոսը: Այսինքն՝ հետաձգված հղիության դեպքում կրկնակի վիժման վտանգը նույնիսկ ավելի բարձր է, քան առաջին վիժումից հետո կարճ ժամանակ անց նոր հղիության դեպքում:
Վերլուծության համաձայն՝ վիժումից հետո արագ հղիացած կանանց շրջանում վաղաժամկետ ծննդաբերության հավանականությունը ավելի քան վեց ամիս սպասած կանանց ցուցանիշների 79 տոկոսն է կազմել, իսկ անբավարար քաշով երեխայի ծնվելու հավանականությունը կազմել է 74 տոկոս երկարատեւ ժամանակ անց հղիանալու ցուցանիշներից:
Գիտնականները խորհուրդ չեն տալիս երկրորդ հղիությունը հետաձգել հատկապես այն կանանց, որոնք տարիքով մեծ են, քանի որ տարիքին զուգահեռ հղիության ժամանակ բարդությունների հավանականությունը մեծանում է:
Գիտնականների խոսքով՝ վիժումից հետո արժե սպասել միայն այն կանանց, որոնց մոտ վիժումը ուշ ժամկետում է եղել: Այդպիսի կանանց օրգանիզմը հղիության ընթացքում կարող է բախվել ֆոլաթթվի պակասի հետ, որը կարեւոր է երեխայի նյարդային համակարգի զարգացման համար:






