Էբոլա տենդի դեմ ռուսական պատվաստանյութը հաջողությամբ անցել է կլինիկական փորձարկումների հաջորդ փուլը: Այս մասին հայտնել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան:

«Էբոլա տենդի դեմ պատվաստանյութը կլինիկական փորձարկումները հաջողությամբ է անցել, փաստաթղթեր են պատրաստվում այն գրանցման ներկայացնելու համար»,- ասել է նա:

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ 18-ից մինչեւ 60 տարեկան 60 կամավորների մասնակցությամբ կլինիկական փորձարկումների առաջին փուլն անցկացվել է ընթացիկ տարվա մայիսին եւ հաստատել է պատվաստանյութի արդյունավետությունը: «Ռոսպոտրեբնադզոր»-ը օգոստոսի 8-ին Էբոլայի դեմ պատվաստանյութի փորձարկումների երկրորդ փուլն սկսելու թույլտվություն էր ստացել:

Նոր պատվաստանյութը ստեղծել է «Վեկտոր» վիրուսաբանության եւ կենսատեխնոլոգիաների պետական գիտական կենտրոնը: Որպես ապահովագրող ընկերություն հանդես կգա «Ինգոստրախ» ընկերությունը: «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավարը պնդել է, որ պատվաստանյութը կարելի է օգտագործել ինչպես վարակի օջախներում, այնպես էլ անձնակազմի եւ այն մարդկանց պաշտպանության համար, ովքեր հիվանդների հետ են շփվում եւ վարակման վտանգի են ենթակա: Համարվում է, որ այս պատվաստանյութը այժմ կիրառվող դեղամիջոցներից շատ ավելի արդյունավետ է եւ հարմար է իմունոդեֆիցիտով մարդկանց համար՝ բջջային իմունիտետի ակտիվացումն ապահովելով ավելի քան 35 անգամ:

Հիշեցնենք, որ Էբոլա տենդի համաճարակը 2014 թվականի փետրվարին սկսվել է Արեւմտյան Աֆրիկայում: Մինչ օրս այս վտանգավոր հիվանդության հետեւանքով 11 հազարից ավելի մարդ է մահացել եւ մոտ 28,500 մարդ է վարակվել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Մարգարեթ Չանը Արեւմտյան Աֆրիկայում փոթորկվող Էբոլա վիրուսի բռնկումը անվանել է հիվանդության 40-ամյա պատմության մեջ խոշորագույնը: