Բրիտանիայի մարդու բեղմնավորման ու էմբրիոլոգիայի հարցերով վարչությունը (The Human Fertilisation and Embryology Authority, HFEA) արտոնագրել է երեք մարդու ԴՆԹ-ի գործածումով արհեստական բեղմնավորման տեխնոլոգիան։ Այս տեխնոլոգիայի գործածումը կարող է կանխել պտղի մոտ գենետիկ հիվանդությունների զարգացումը, որոնք ժառանգաբար են փոխանցվում։

«Սա պատմական կարեւորության որոշում է,- ասել է HFEA –ի նախագահ Սալի Չեշիրը,- Ես վստահ եմ, որ հիվանդներին շատ կուրախացնի մեր որոշումը»։

Բրիտանական լրատվամիջոցները հայտնում են, որ նման բեղմնավորման ժամանակ օգտագործվում է մոր, հոր ու դոնոր կնոջ ԴՆԹ-ի նյութը։ Դոնոր կինը պետք է ունենա առողջ միտոխոնդրաներ, որոնք պատասխանատու են մկանային հյուսվածքի, սրտի ու մյուս օրգանների հիվանդությունների ժառանգական փոխանցման համար։

Մեծ Բրիտանիայում այսուհետ կլինիկաները կարող են համապատասխան արտոնագրերի համար դիմել HFEA, որը կուսումնասիրի նման բեղմնավորման յուրաքանչյուր դեպքը։ Բուժակարգը շուտով հասանելի կլինի բոլոր զույգերին, որոնց մոտ բարձր է անառողջ երեխա ծնելու հավանականությունը; Առաջին երեխան, որը սաղմնավորվել է HFEA արտոնագրով, կարող է լույս աշխարհ գալ արդեն 2017-ի վերջին։

2016-ի սեպտեմբերին բրիտանական New Scientist գիտական ամսագիրը հայտնել էր, որ աշխարհում առաջին երեխան, որը երեք կենսաբանական ծնող ունի, լույս աշխարհ է եկել Մեքսիկայում ապրիլին։ Տղայի ծնողները մուսուլմաններ են Հորդանանից, որոնք գրեթե 20 տարի չէին կարողանում առողջ երեխա ունենալ ՝ կնոջ հազվագյուտ գենետիկ հիվանդության պատճառով, որը ախտահարում է կենտրոնական նյարդային համակարգը եւ կոչվում է Լեայի համախտանիշ։