«Դեղերի մասին» օրենքի մեծածախ եւ մանրածախ առեւտրի տարանջատման կետի ուժի մեջ մտնելը կարող է հետաձգվել մինչեւ 2025 թվականը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը՝ մեկնաբանելով դեկտեմբերի 15-ին ուժի մեջ մտած «Դեղերի մասին» օրենքի շուրջ զարգացումները:
Նա նշեց, որ նման տարանջատումն ընդունված է աշխարհի շատ երկրներում, ավելին՝ մի շարք երկրների օրենսդրությամբ արգելվում է փոխկապակցված անձանց կամ ընկերություններին դեղերի մեծածախ եւ մանրածախ գործունեություն ծավալել: Հայկական օրենքով դա չի նախատեսված, սակայն Սերգեյ Խաչատրյանի կարծիքով՝ նույնիսկ առանց այդ կետի, այն ուղղված է մանր դեղատների համար հավասար մրցունակ պայմանների ստեղծմանը:
Նրա խոսքով՝ Առողջապահության նախարարությունն, այնուամենայնիվ, ընդառաջ գնաց այն ընկերություններին, որոնք դեղերի ներմուծում են իրականացնում եւ միեւնույն ժամանակ դեղատների ցանց են տնօրինում, որոնց համար բիզնեսի տարանջատման եւ ընկերությունների վերանվանման ընթացակարգը կապված էր մի շարք անհարմարությունների հետ: Նրա պարզաբանմամբ՝ այդ ընկերությունները, մասնավորապես, մատակարարների հետ երկարաժամկետ պայմանագրեր ունեն, բանկային պարտավորություններ, եւ նրանց ժամանակ է անհրաժեշտ առանց բիզնեսին վնասելու այդ ընթացակարգերն իրականացնելու համար: Ուստի Առողջապահության նախարարությունը մտադիր է այս կետի գործողության հետաձգման մասին օրենքում լրացում կատարելու առաջարկով դիմել կառավարությանը:
Փոխնախարարը հավաստիացրեց, որ «Դեղերի մասին» օրենքը մշակվել է մի քանի առանցքային սկզբունքներ հաշվի առնելով՝ «դեղերի որակը, անվտանգությունը եւ արդյունավետությունը»: «Դրան հավելվում է դեղերի ինչպես ֆիզիկական, այնպես էլ ֆինանսական հասանելիության վերաբերյալ պետության պարտավորությունը: Եվ եթե օրենքը այս պրիզմայով դիտարկենք, այն ոչ մի խնդիր չի ստեղծում: Բայց եթե դիտարկենք առանձին շահառուների շահերի տեսանկյունից, ապա կարող են նաեւ խնդիրներ լինել»,- նշեց փոխնախարարը՝ հավելելով, որ նախկինում այս ամբողջ բազմաշերտ դաշտում ամենաանպաշտպանը հիվանդն էր, եւ օրենքն ուղղված է հատկապես նրա շահերի պաշտպանությանը:
Սերգեյ Խաչատրյանի խոսքով՝ հին օրենքում դրույթներ կային, որոնք կարելի էր տարբեր կերպ մեկնաբանել, եւ դա վեճերի էր հանգեցնում ու նույնիսկ դատական գործընթացների: «Ձեզ հավաստիացնում եմ, որ նոր օրենքում ձեւակերպումները հստակ են, եւ այն տարընթերցումների տեղիք չի տալիս: Այն, ինչ արգելվում է՝ օրենքում շատ հստակ է ձեւակերպված, եւ այն կանխատեսելի է թե՛ բիզնեսի, թե՛ նրանց համար, ովքեր քաղաքականություն են իրականացնում»,- ասաց նա:
Սերգեյ Խաչատրյանը հավելեց, որ այժմ աշխատանքներ են ընթանում մոտ 80 փաստաթղթերի վրա, որոնք պետք է ընդունվեն օրենքի կիրառումն ապահովելու նպատակով:






