Մեծ Բրիտանիայի բնակիչ 24-ամյա Մոազա Ալ Մատրուշին երեխա է ունեցել իր իսկ ձվարանի հյուսվածքի փոխպատվաստումից հետո, որը սառեցվել էր դեռեւս մանկության տարիներին: Անցյալում արդեն գրանցվել են ձվարանների փոխպատվաստումից հետո երեխայի ծնունդի դեպքեր, բայց Մոազայի դեպքը եզակի է, քանի որ նրա ձվարանը սառեցվել է դեռեւս մինչ սեռական հասունացումը:
Մոազան ծնվել է Դուբայում: Մանկության տարիներին նրա մոտ բետա-թալասեմիա է ախտորոշվել, որն արյան հազվադեպ ժառանգական հիվանդություն է եւ չբուժվելու դեպքում մահացու ելք է ունենում: Մինչեւ ոսկրածուծի փոխպատվաստումը, որի դոնորը Մոազայի եղբայրն էր, անհրաժեշտ էր, որ աղջիկը բարձր դոզայով քիմիաթերապիայի կուրս անցնի, որն ապագայում նրան կզրկեր հղիանալու հնարավորությունից: Մոազայի մայրը մտածել է դստեր ձվարաններից մեկի հյուսվածքները սառեցնել, որպեսզի հետագայում նա, այնուամենայնիվ, սեփական երեխաներ ունենալու հնարավորություն ունենա: Մասնագետները աջ ձվարանը հեռացրել են, երբ նա 9 տարեկան էր, հյուսվածքները սառեցրել են եւ այս ամբողջ ժամանակահատվածում պահել Ցելսիուսի -196 աստիճանի պայմաններում:
Անցյալ տարի հյուսվածքները վերադարձվել են դրանց տիրոջ օրգանիզմ. 4 հատված ամրացրել են ձախ ձվարանին եւ եւս մեկը՝ արգանդին: Այդ ժամանակ աղջկա մոտ արդեն դաշտանադադար էր սկսվել, սակայն վիրահատությունից հետո նրա հորմոնների մակարդակը սկսել է կարգավորվել, իսկ 3 ամիս անց արդեն դաշտանադադարն ավարտվել է: Մոազան եւ նրա ամուսինը՝ Ահմեդը, արտամարմնական բեղմնավորման միջամտության են ենթարկվել, որի արդյունքում նրանք առողջ տղա են ունեցել: Միջամտությունից հետո մեկ սաղմ մնացել է պահեստարանում. ընտանիքը ծրագրել է ավելի ուշ կրկին երեխա ունենալ:
Մոազային բուժող բժիշկ Սառա Մեթյուսը նշել է, որ իր հիվանդը աշխարհում առաջիններից մեկն է, ում հյուսվածքները սառեցրել են, որպեսզի հետո օգտագործեն: Մասնագետը հավելել է, որ նախկինում հայտնի չեն եղել այսպիսի հյուսվածքների փոխպատվաստման հաջողված դեպքեր, որոնք վերցվել են մինչեւ սեռական հասունացումը: Բժիշկները կարծում են, որ Մոազայի դեպքը հույս է ներշնչում այն մեծաթիվ աղջիկներին եւ երիտասարդ կանանց, որոնք կարող են անպտուղ դառնալ քաղցկեղի բուժման, արյան կամ իմունային համակարգի հիվանդությունների հետեւանքով:






