Հայաստանում հիվանդը դադարել է կակազել ողնաշարի զարկերակի սեղմումը վերացնող վիրահատությունից հետո: «Էրեբունի» բժշկական կենտրոնում վիրահատությունը կատարել է անոթային վիրաբույժ Մեսրոպ Շատախյանը: Կլինիկայում NEWS.am Medicine-ին հայտնեցին, որ Հայաստանում նման վիրահատությունը առաջին անգամ է կատարվել:
2016 թվականի սեպտեմբերի սկզբին 34-ամյա կինը հղիության վերջին շաբաթվա ընթացքում ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում է տարել. նա ուշագնաց է եղել, խանգարվել է խոսքը: Դրանից հետո նրա մոտ ուժեղ գլխացավեր եւ գլխապտույտներ են սկսվել, շարժումների ապակողմնորոշում: Այս ամենին հավելվել է կակազելը:
Հիվանդն այսպիսի բողոքներով է դիմել «Էրեբունի» ԲԿ-ի անոթների եւ սրտի վիրաբուժական ծառայության ղեկավար Մեսրոպ Շատախյանին: Կոնսիլիում է հրավիրվել, որի ընթացքում մանկաբարձ-գինեկոլոգների հետ որոշվել է պարանոցի եւ գլխուղեղի անոթների ՄՌՏ անգիոգրաֆիա կատարել: Բժիշկները նաեւ որոշել են ընդհանուր անզգայացմամբ կեսարյան հատում կատարել:
Հետազոտությամբ ողնաշարի աջ զարկերակի հիպոպլազիայի առկայություն է հայտնաբերվել, ինչպես նաեւ ողնաշարի ձախ դոմինանտ զարկերակի սեղմում եւ ձեւախախտում՝ արյան հոսքի արտահայտված հեմոդինամիկ խանգարմամբ: Մինչեւ վիրահատությունը հիվանդը գտնվել է «Էրեբունի» ԲԿ-ի հղիների պաթոլոգիայի բաժանմունքի վարիչ Էդիտա Ղարիբյանի անմիջական հսկողության ներքո: Ծննդաբերությունը, որը կատարվել է մանկաբարձ-գինեկոլոգ Տիգրան Հովհաննիսյանի կողմից, առանց բարդության է ընթացել:
Դուրս գրվելուց հետո հիվանդը գտնվել է բժիշկների հսկողության ներքո, ստացել է համապատասխան դեղային բուժում: Չնայած նյարդաբանների նշանակած դեղային բուժմանը, վիճակի բարելավում չի նկատվել, իսկ կակազելն ավելի է սաստկացել, որը հիվանդի տառապանքի հիմնական պատճառն էր: Հետծննդյան համեմատաբար հանդարտ ժամանակաշրջանի հասնելով՝ նրան նշանակվել է ողնաշարաքնային անաստոմոզ դնելու վիրահատություն՝ գլխուղեղի համապատասխան հատվածում արյան շրջանառությունը լավացնելու համար:
Ողնաշարային ձախ զարկերակը սեղմված էր կրծքավանդակի ավշային ծորանի ճյուղերի կողմից, ինչը եւ դարձել էր դրա ձեւախախտման պատճառը:
2016 թվականի նոյեմբերի վերջին վիրաբուժական խումբը (վիրաբույժներ Մեսրոպ Շատախյան, Ստեփան Արզումանյան, անեստեզիոլոգ Արմեն Մուրադյան) կատարել է վիրահատություն. ողնաշարի զարկերակը կտրվել է ենթանրակային զարկերակից, ազատվել է ավշային ծորանի ճյուղերից, ուղղվել է, որից հետո բերանակցվել է ընդհանուր քնային զարկերակին:
Նարկոզից արթնանալուց անմիջապես հետո հիվանդը կարողացել է հստակ եւ ըմբռնելի խոսել՝ առանց կակազելու: Անհետացել են նաեւ գլխապտույտները, շարժումների ապակողմնորոշումը: Հիվանդը երկրորդ օրը դուրս է գրվել առանց որեւէ բարդության:
Ողնաշարային զարկերակի պաթոլոգիայի հետեւանքով գլխուղեղի արյան շրջանառության խանգարումը բավական հաճախ հանդիպող երեւույթ է: Սակայն այդ ընթացքում կակազումը ծայրահեղ հազվադեպ է հանդիպում: Հատկապես այս պատճառով չափազանց գնահատելի է ողնաշարային զարկերակի պաթոլոգիայի շտկման միջոցով կակազելը վերացնելու «Էրեբունի» ԲԿ-ի փորձը:







