Երեւանի «Աստղիկ» բժշկական կենտրոնը կազմակերպել էր սեմինար կանանց հիվանդությունների ախտորոշմամբ եւ բուժմամբ զբաղվող առաջնային օղակի եւ նեղ որակավորման մասնագետների՝ գինեկոլոգների, որոլոգների, նյարդաբանների, էնդոկրինոլոգների համար։
Ինչպես NEWS.am Medicine–ի թղթակցի հետ զրույցում նշեց բուժկենտրոնի կանանց խորհրդատվության ղեկավար Իննա Պերսոյանը, սեմինարի ընթացքում հնչել են դասախոսություններ կանանց մոտ ուրոլոգիական խնդիրների մասին, ինչպիսիք եք, օրինակ՝ անմիզապահությունը, հիպերակտիվ միզապարկը, ցիստիտը եւ այլն։ Այս խնդիրներն այժմ չափազանց տարածված են հայաստանցի կանանց շրջանում, եւ չափազանց կարեւոր է, որպեսզի առաջնային օղակի բժիշկները կարողանան դրանք ճիշտ ախտորոշել եւ տրամադրել կանանց համապատասխան խորհրդատվությունը՝ ախտորոշման եւ բուժման համար։

Վնասվածքաբան Ռուբեն Գասլտյանը սեմինարի ընացքում հանդես եկավ օսթեոարտրոզի մասին դասախոսությամբ՝ խնդիր, որի մասին շատ քիչ է խոսվում, սակայն բավական տարածված է ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ ամբողջ աշխարհում։

Բացի այդ, սեմինարի ընթացքում եղան դասախոսություններ վահանաձեւ գեղձի հիվանդության, կաթնագեղձի քաղցկեղի եւ դրա բուժման վիրաբուժական ժամանակակից մեթոդների մասին, իսկ կենտրոնի ռադիոլոգները ներկայացրեցին մամոգրաֆիայի եւ համակարգչային տոմոգրաֆիայի ու անգիոգրաֆիայի հնարավորությունները եւ այդ հետազոտությունների դերը մի շարք հիվանդությունների ախտորոշման ժամանակ։ Հատուկ ուշադրություն դարձվեց առիթմիային եւ կանանց մոտ այլ սրտանոթային հիվանդություններին։
Մարալիկի Առողջության կենտրոնի ընտանեկան բժիշկ Նարինե Մկրտչյանը Երեւան էր եկել հատուկ սեմինարին մասնակցելու նպատակով։ NEWS.am Medicine–ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ սեմինարի ընթացքում ներկայացված բոլոր դասախոսությունները չափազանց հետաքրքիր էին, սակայն իրեն ամենից շատ հետարքրեցին վահանաձեւ գեղձի խնդիրների, անմիզապահության եւ կաթնագեղձի ուռուցքների մասին դասախոսությունները։
Նաեւ սեմինարի ընթացքում «Աստղիկ» ԲԿ լաբորատոր ծառայության ղեկավար Մարինե Մանուկյանը եւ իր գործընկերները ներկաներին պատմեցին, թե ինչ սարքավորումներով է հագեցած եւ ինչ հնարավորություններ ունի իրենց լաբորատորիան։ Օրինակ, նորագույն ավտոմատ կենսաքիմիական անալիզատոր Vitros 5.1 ի զորու է ժամում մինչեւ հազար հետազոտություն եւ միաժամանակ 160 հետազոտություն իրականացնել։ Դրա շնորհիվ հնարավորություն է ստեղծվում խնայել ժամանակը եւ նվազագույնի հասցնել մարդկային գործոնը։ Այս սարքավորման օգնությամբ կարելի է անցկացնել արյան կենսաքիմիական անալիզ, որն անհրաժեշտ է միանգամից մի շարք հիվանդությունների բացահայտման համար։ Մեկ այլ հետաքրքիր սարքավորում՝ ավտոմատ կենսաքիմիական անալիզատոր XL-1000– ն է։ Այլ սարքավորումների օգնությամբ արյան ընդհանուր անալիզ անցկացնելու ժամանակ մասնագետները ստիպված են լինում ինքնուրույն ստուգել լեյկոբանաձեւը մանրադիտակով, իսկ այս սարքը ինքն է տարբերում լեյկոցիտները։
Սեմինարի մասնակիցներին նաեւ ներկայացվեցին «Աստղիկ» ԲԿ–ի կողմից կատարված մի հետաքրքիր ուսումնասիրության արդյունքներ. վերլուծելով հիվանդների տվյալների բազան արյան մեջ վիտամին D–ի պարունակության վերաբերյալ, մասնագետները հանգեցին իրենց համար անսպասելի հետեւության՝ նույնիսկ մեծ թվով արեւոտ օրերի առկայության պայմաններում Հայաստնում նկատվում է վիտամին D–ի լուրջ պակաս։ Արյան մեջ այս վիտամինի սահմանաչափը պետք է կազմի 30-75 գլ/մգ, այնինչ հիվանդների 4 տոկոսի մոտ դրա պարունակությունը 10 անգամ պակաս էր նորմայի ստորին սանդղակից՝ 3գլ/մգ կամ ավելի պակաս։ Հիվանդներից միայն մեկի մոտ էր այս ցուցանիշը 60 գլ/մգ, այսինքն՝ մոտ նորմայի վերին սահմանին, սակայն այս հիվանդն էլ արտասահմանցի էր։
Կրկնակի սոտւգումները, սակայն, ցույց էին տվել, որ վիտամին D–ով հավելումներ ընդունելուց երկու ամիս անց այս վիտամինի սուր անբավարարություն ունեցողների թիվը կրկնակի նվազել էր։
Նշենք, որ սեմինարի բոլոր մասնակիցները կստանան Շարունակական բժշկական կրթության 11 կրեդիտ:
[gallery id=81]






