Շատերին թվում է, որ ՄԻԱՎ–ով, որպես կանոն, վարակվում են այսպես կոչված ռիսկային խմբերի մարդիկ, որոնք ներգրավված են սեքս–բիզնեսում, տղամարդկանց հետ սեքսով զբաղվող տղամարդիկ, ինչպես նաեւ ներարկվող թմրանյութեր օգտագործողները։ Սակայն իրականում ՄԻԱՎ ունեցող մարդկանց մեծ մասը ոչ մի կապ չունի այդ խմբերի հետ։
ՁԻԱՀ–ի կանխարգելման հայկական կենտրոնի տվյալներով՝ 1988–ից գրանցված բոլոր ՄԻԱՎ վարակակիրների 66 տոկոսը վարակվել է հետերոսեքսուալ սեքսի ժամանակ։ 25 տոկոսը վարակվել է ներարկման միջոցով թմրանյութ ընդունելիս, 2.8 տոկոսը՝ նույնասեռական սեքսի ժամանակ, 1.6 տոկոսը՝ այսպես ասած ուղղահայաց ճանապարհով՝ մորից երեխային, իսկ 0.2 տոկոսն էլ՝ արյան փոխներարկման կամ այլ բժշկական պրոցեդուրաների ճանապարհով։ Վարակվածներից 4.4 տոկոսի դեպքում վարակման ուղին պարզել չի հաջողվել։
Հետաքրքիր է, որ 2002 թվականին ներարկվող թմրանյութ օգտագործած հայերի 15 տոկոսի մոտ ՄԻԱՎ էր ախտորոշվել։ 2010 թվականին այս խմբում հիվանդության տարածումը նվազել էր 10.7 տոկոսով, իսկ 2016–ին՝ 0.5 տոկոսով։ Սակայն որոշ փորձագետների կարծիքով այս վիճակագրությունը բոլորովին չի խոսում այդ խմբում կանխարգելիչ աշխատանքների էֆեկտիվության մասին. դա, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է այն հանգամանքով, որ գնալով ավելի շատ մարդիկ են օգտագործում ոչ թե «մաքուր» թմրանյութեր, այլ դեզոմորֆին, որը ժողովրդի շրջանում հայտնի է «բենզին» անունով։ Այդ նյութը թունավոր է մարդու համար, եւ «բենզինի» ներարկում կատարած մարդկանց կյանքի միջին տեւողությունը 6 ամսից 2 տարի է։ Այսինքն՝ նման թմրանյութ օգտագործող մարդկանց մեծ մասն ուղղակի չի ապրում մինչեւ այն տարիքը, երբ իրենց մոտ կարող է ՄԻԱՎ ախտորոշվել։
Ինչպես ասացինք, ՄԻԱՎ վարակի 1.6 տոկոս դեպքերում այն փոխանցվում է ուղղահայց ճանապարհով՝ մորից երեխային։ Սակայն նման բոլոր դեպքերը գրանցվել են նախքան 2007–ը։ Վերջին տարիներին Հայաստանում ՄԻԱՎ վարակակիր մայրերից մոտ 150 երեխա է ծնվել, եւ նրանցից ոչ մեկը ծնվելիս մորից չի վարակվել հղիության ժամանակ սքրինինգի եւ ճիշտ կազմակերպած բուժման շնորհիվ։ Այս կապակցությամբ մի քանի ամիս առաջ ՄԱԿ հաստատությունները Հայաստանին շնորհավորեցին ՄԻԱՎ–ը եւ սիֆիլիսը մորից երեխային փոխանցումը նվազեցնելու կապակցությամբ։
Հետաքրքիր է, որ սեքս ինդուստրիայում ՄԻԱՎ–ի տարածումը նույնպես նվազել է. եթե 2010–ին այդ ոլորտում ներգրավված տղամարդկանց 2.3 տոկոսի ու կանանց 1.2 տոկոսի մոտ էր գրանցվել ՄԻԱՎ, ապա 2016-ին այդ ցուցանիշը նվազել է մինչեւ համապատասխանաբար 0.8 եւ 0.1 տոկոս։
Բացի այդ, 2001 թվականից մինչ օրս Հայաստանում դոնորական արյան միջոցով վարակվելու ոչ մի դեպք չի գրանցվել, ինչը կարելի է մեծ նվաճում համարել։
Այսպիսով՝ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ՄԻԱՎ վարակակիր հայերի մեծ մասը վարակվել է հետերոսեքսուալ կապի ժամանակ, այլ ոչ թե ռիսկային խմբերին բնորոշ գործողությունների հետեւանքով։ Նրանց մեծ մասը՝ 73 տոկոսը, աշխատանքային միգրանտներն ու նրանց գործընկերներն են։ Հետաքրքիր է, սակայն, որ հայերի մեծ մասը շարունակում է ՄԻԱՎ–ը ռիսկային խմբի հիվանդություն համարել։ NEWS.am Medicine–ի հարցման համաձայն՝ 38 տոկոսը վստահ է, որ իրենց չունեն եւ չեն էլ կարող ՄԻԱՎ ունենալ։
Հիշեցնենք, որ Հայաստանի բնակչության մոտ 0.2 տոկոսն այսօր ՄԻԱՎ ունի։ ՄԻԱՎ վարակակիրների հաշվարկային թիվը երկրում 3600 է, սակայն այսօր նրանցից միայն 1700–ը գիտեն իրենց կարգավիճակի մասին եւ դիսպանսեր հսկողության տակ են գտնվում։ 1988–ից մինչ օրս Հայաստանում գրանցվել է մոտ 2500 ՄԻԱՎ վարակակիր մարդ, սակայն նրանցից մոտ 1300-ը մահացել է։






