Ռիվերսայդում Քալիֆորնիայի համալսարանի գիտնականները բացահայտում են արել, որը կարող է փոխել օնկոլոգիական հիվանդությունների բուժման մոտեցումը։ Նրանք սինթեզել են հատուկ սպիտակուցային նյութեր, որոնք կարող են կանգնեցնել չարորակ ուռուցքների աճը։ Նման միացություններ ստեղծելու համար գիտնականներին ոգեշնչել է հակամարմինների կառուցվածքը, որոնք արտադրում է ուղտերի եւ լամաների օրգանիզմը։
Երբ օրգանիզմում չարորակ նորագոյացություն է առաջանում, հյուսվածքների ռեգեներացիայի համար պատասխանատու որոշ ֆերմենտներ դառնում են «սխալ» եւ սպասում են նպաստել ուռուցքի աճին եւ մետաստազների ձեւավորմանը։ Ուղտերի հակամարմիններն ուսումնասիրելով՝ գիտնականները պարզել են, որ նրանք կապվում են հենց այդ «սխալ» ֆերմենտների հետ եւ դրանց հանում են օրգանիզմից՝ անտեսելով «ճիշտ» ֆերմենտները։ Մարդկանց հակամարմինները, ցավոք, նման էֆեկտով օժտված չեն։
Մարդու օրգանիզմում ուղտի հակամարմիններ ներարկել չի կարելի, դա հղի է իմունային ռեակցիայի վտանգով։ Ուստի մի խումբ մասնագետներ՝ պրոֆեսոր Սեին Գեի ղեկավարությամբ, սինթեզել են նման կառուցվածքով սպիտակուցային միացություններ։ Գիտնականները վստահ են, որ դրանք քաղցկեղի դեմ պայքարում կունենան նույն էֆեկտը։ Մոտ ապագայում նրանք մտադիր են սկսել այդ նյութի հիման վրա դեղամիջոց ստեղծել։
Դեղը կտրամադրվի հեղուկ վիճակում, որպեսզի հետագայում բժիշկները կարողանան ներարկումներ անել։ Համանման ուղտի հակամարմինները օրգանիզմում իմունային ռեակցիա կգործարկեն, որը ի վերջո կսկսի ոչնչացնել քաղցկեղային բջիջները։
Մասնագետները պնդում են, որ քաղցկեղի բուժումից բացի, սինթեզված նյութը կարող է նաեւ օգնել արտրիտով, ասթմայով, Ալցհեյմերի հիվանդությամբ եւ ցրված սկլերոզով հիվանդներին։






