Սոլյարիումներ այցելելու կոշտ տարիքային սահմանափակումները կարող են տասնյակ հազարավոր մարդկանց կյանքեր փրկել չարորակ մելանոմայից։ Նման եզրակացության են եկել ամերիկացի հետազոտողները։

Տարիներ շարունակ բժիշկները եւ գիտնականները նախազգուշացնում են արհեստական արեւայրուքի վտանգի մասին։ Սակայն առաջին անգամ հնարավորություն կա պարզել, թե որքան կյանքեր հնարավոր կլիներ փրկել, եթե արհեստական արեւայրուքի սրահներում գոյություն ունենար այցելուների տարիքային սահմանափակում։ Խոսքը չարորակ մելանոմայի մասին է, որը մաշկի քաղցկեղի առավել մահաբեր տեսակն է։ Դա ամենահաճախ հանդիպող եւ մահաբեր քաղցկեղն է աղջիկների եւ երիտասարդ կանանց շրջանում։

American Academy of Dermatology–ում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ միայն ԱՄՆ–ում մելանոմայի 61 839  եւ մահացության 6 735 դեպք կարելի կլիներ կանխել ավելի քան 61.2 մլն մինչեւ 14 տարեկան երեխաների շրջանում, եթե գոյություն ունենային սոլյարիումի այցելության տարիքային սահմանափակումներ։ Ընդ որում, այդ մարդկանց բուժման համար հնարավոր կլիներ խնայել 342.9 մլն դոլար։

Նշենք, որ մոտ 1 տարի առաջ ԱՄՆ սննդամթերքի եւ դեղերի վերահսկման գործակալությունն առաջարկել էր 18 տարեկանը որպես տարիքային շեմ սահմանել  սոլյարիում այցելողների համար։ Այդ կանոնը դեռեւս չի գործում։