Հայաստանում կառավարության կազմի փոփոխությունից հետո Դեղարտադրողների ու ներմուծողների միությունը (ԴԱՆ) նորից կառավարությանն է ներկայացրել այն խնդիրների ցանկը, որոնք զգալիորեն խոչընդոտում են Հայաստանում դեղագործական ոլորտի զարգացմանը։ Երկու հիմնական խնդիրները՝ հսկիչ դրոշմապիտակներն ու ԱԱՀ-ն են։ Այս մասին NEWS.am Medicine –ի թղթակցի հետ զրույցում ասել է ԴԱՆ միության նախագահ Սամվել Զաքարյանը։

Նրա խոսքով՝ դրոշմապիտակների հարցը շատ հրատապ է մնում։ ԴԱՆ միության բոլոր հարցումներին, որոնք ուղղել են Ֆինանսների նախարարությանը՝ խնդրելով գնահատել, թե որքանով է Հայաստանում կրճատվել դեղամիջոցների ստվերային շրջանառությունը 2014-ին  դրոշմապիտակներ ներդնելուց հետո, գերատեսչությունը տրամադրում է տեղեկանք այն մասին, թե որքանով է ավելացել հարկերի հավաքելիությունը։ Բայց դա, Սամվել Զաքարյանի խոսքով, իրական պատկերացում չի տալիս ստվերի կրճատման մասին, քանի որ հարկերը կարող են աճել պարզապես բիզնեսի աճի հաշվին։

Նա նշել է, որ դեռ 2014-ին, երբ կառավարությունը առաջ է տարել այդ նորմը, դեղագործական ընկերությունների հետ պայմանավորվածություն է եղել մեկ տարի հետո գնահատել դրա արդյունավետությունը։ Բայց դա չի արվել։ Հիմա արդեն երկրորդ տարին է լրանում ու Միությունը ԱՆ-ի հետ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել  այս հարցին անդրադառնալ հաջորդ տարվա առաջին եռամսյակում։

Սամվել Զաքարյանը հավելել է, որ եւ իրենց, եւ կառավարությանը քաջ հայտնի է, թե որտեղ է պետք փնտրել դեղերի ոլորտում ստվերային շրջանառությունը։ Դա Վրաստանից  մաքսանենգ ճանապարհով ներմուծվող դեղերն են ու որպեսզի այդ մաքսանենգությունը կանխվի, պետք է հսկողության ավելի արդյունավետ մեխանիզմներ գործարկել սահմանին , դրոշմապիտակներն այդ հարցը չեն լուծում։

Իսկ Վրաստանից մաքսանենգության հիմնական պատճառը հարեւան երկրում դեղերի համեմատաբար էժան գներն են։ Եվ դա պայմանավորված է եւ այն գործոնով, որ արտադրող ընկերությունները իսկզբանե Հայաստանին դեղերը ավելի բարձր գնով են վաճառում՝ շուկայի չափից ու աշխարհագրական դիրքից ելնելով, եւ նրանով, որ Վրաստանում դեղերից ԱԱՀ չի գանձվում, իսկ Հայաստանում գանձվում է։

Սամվել Զաքարյանը հիշեցրեց, որ նախկինում Հայաստանում նույնպես դեղորայքից ԱԱՀ չէր գանձվում, հետո կառավարությունը որոշել է այս հարկը ներդնել հատուկ հիմնադրամի ստեղծման  համար, որի միջոցները պետք է ուղղվեն առողջապահության զարգացմանը։ Քանի որ դա չի արվել, ԴԱՆՄ-ը առաջարկում է այս որոշումից հետ կանգնել։ Կառավարության հիմնական հակափաստարկն այն է, որ դեղերից հետո առեւտրի մյուս ոլորտներն էլ կպահանջեն չեղարկել ԱԱՀ-ն։ Բայց չէ՞ որ դա սոցիալական նշանակության խնդիր է։

«Մենք փորձում ենք կառավարությանը ներկայացնել, որ երբ իջեցնում եք գազի գինը, ենթադրելով որ դա սոցիալական խնդիր է, ստեղ էլ կարող եք իջեցնել, որովհետեւ դա էլ է սոցիալական խնդիր, եւ ոչ ավելի պակաս, եթե ոչ ավելին, քան գազի գնի մի քանի դրամ իջեցնելը։ Ավելին, մենք ասում ենք, եթե դա լուրջ բյուջե լցնելու խնդիր է, գոնե էդ 20 տոկոսը մի վերցրեք սահմանի վրա, վերցրեք վաճառքից գոյացած 20 տոկոսը։ Դա գոնե ներմուծողին կամ վաճառողին թույլ կտա շնչել», – ասաց նա։