Վերջին 4 օրվա ընթացքում «Շտապ օգնություն» ՓԲԸ-ն Երեւանում վնասվածք ստացած քաղաքացիներից 12 կանչ է ստացել: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին տեղեկացրեց «Շտապ օգնության» ղեկավար Թագուհի Ստեփանյանը:
Նրա խոսքով՝ հստակ չի կարող ասել, թե այդ վնասվածքներից քանիսն են քաղաքի փողոցներում առկա մերկասառույցի հետեւանք, քանի որ շտապ օգնության վիճակագրությունը ներառում է վնասվածքների բոլոր դեպքերը:
Ըստ մասնագետի՝ վերջին օրերին, չնայած օդի ջերմաստիճանի զգալի նվազմանը, ձյան տեղումներին եւ մերկասառույցին, Երեւանում վնասվածքների դեպքերն ավելի չեն՝ տարվա մյուս եղանակների եւ ամիսների համեմատությամբ: Եվ որեւէ ուշագրավ դեպք վերջին օրերին չի արձանագրվել:
Թագուհի Ստեփանյանը նշեց, որ անկախ տարվա եղանակից՝ երեւանցիները հաճախ շտապ օգնություն են կանչում սիրտ-անոթային հիվանդությունների հետ կապված: Երկրորդ տեղում, 2015 թվականի տվյալների համաձայն, գրիպն ու սուր շնչառական վարակներն են, երրորդ տեղում՝ վնասվածքները:






