Որոշակի դեղերը միայն դեղատոմսով բաց թողելու պահանջ պարունակվում էր նաեւ «Դեղերի մասին» հին օրենքում, պարզապես այն վարչական պատիժ չէր նախատեսում: Նոր օրենքում այս դրույթը խստացվել է, որին չհետեւելու դեպքում լուրջ տուգանքներ են սահմանվում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Դեղ արտադրողների եւ ներմուծողների միության (ԴԱՆՄ) տնօրեն Սամվել Զաքարյանը:

Նրա խոսքով՝ բոլորս հիանում ենք զարգացած երկրներում առկա կարգով, անվտանգությամբ եւ կարգապահությամբ, օրենքի պահպանմամբ, բայց, չգիտես ինչու, չենք ցանկանում, որպեսզի նույնպիսի կարգ մեզ մոտ էլ լինի: Դա վերաբերում է նաեւ դեղատոմսով բաց թողնվող դեղերին: «Դեղագործական ոլորտն այն ոլորտն է, որտեղ պետք է խիստ մոնիթորինգ եւ խիստ վերահսկողություն լինի, քանի որ սպառողը դեղը կուլ տալիս պետք է համոզված լինի, որ դա մաքուր եւ անվտանգ միջոց է»,- նշեց նա՝ հավելելով, որ այդ տեսանկյունից դեղերը դեղատոմսով բաց թողնելը բացարձակ  ճիշտ է եւ ընդունելի:

Ի պատասխան այն հարցին, թե առողջապահության ոլորտը որքանով է պատրաստ նոր օրենքի պահանջներին, քանի որ շատերի մտահոգությունն է հարուցում ցանկացած ժամանակ բժիշկների հասանելիության հարցը կամ բոլորին դեղատոմսային ստանդարտ ձեւաթղթերի ապահովման հարցը, Սամվել Զաքարյանը նշեց, որ դա իսկապես խնդիր է, եւ որ խնդրի լուծման համար ԴԱՆՄ-ը ժամանակին իր օգնությունն է առաջարկել: «Մենք առաջարկել ենք, որ մեր միությունը, որպես հասարակական կազմակերպություն, կարող է դեղատոմսերի մոնիթորինգ անցկացնել՝ սկսած դեղատոմսեր բաժանելուց, դրանց համարակալումից, վերջացրած դրանց պատճենների հավաքմամբ եւ ձեւակերպման ճշգրտության վերահսկմամբ»,- ասաց նա:

ԴԱՆՄ ղեկավարը հավելեց, որ դեղատոմսերը պետք է դուրս գրվեն ըստ դեղամիջոցի ազդող նյութի, այլ ոչ թե ըստ նրա կոմերցիոն անվանման, եւ պետք է դուրս գրվեն միայն այն դեղերի համար, որոնք Հայաստանում գրանցված են: «Բայց մենք հաճախ ենք բախվում այն երեւույթին, որ դեղատոմսում գրվում է դեղի կոմերցիոն անվանումը, ավելին՝ բժիշկը հիվանդին կոնկրետ դեղատուն է ուղարկում, դեռ խնդրում է դեղատանն ասել, թե որ բժիշկն է իրեն այնտեղ ուղարկել: Սա օրենքին հակասում է»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է դեղերի հատավաճառին, Սամվել Զաքարյանը նշեց, որ այս պրակտիկան հակասում է միջազգային բոլոր ստանդարտներին, քանի որ ծայրահեղ անցանկալի է դեղերի անվտանգության տեսակետից փաթեթի ամբողջականությունը խախտելը: Հայաստանի «Դեղերի մասին» ո՛չ հին օրենքը, ո՛չ նորը թույլ չեն տալիս դեղերի հատավաճառը: Այլ հարց է, որ մեր երկրում, ելնելով բնակչության սոցիալական վիճակից, դրա վրա աչք են փակում: